ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ավստրիայի խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակումը և կարողությունների զարգացման հեռանկարներն են քննարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի և Ավստրիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի հանդիպման ընթացքում:
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 9-13-ը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի Հանրապետության խորհրդարանում էր:
Նա կարևորել է միջազգային լավագույն փորձի կիրարկումը և Ավստրիայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Հարալդ Դոսսիին հրավիրել է ՀՀ Ազգային ժողով:
Վահան Նարիբեկյանը հանդիպել է նաև Ավստրիայի խորհրդարանի աշխատակազմի աուդիտի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սատլերի, Աուդիտորական պալատի բարձրաստիճան ղեկավարների հետ: Քննարկվել են ֆինանսական վերահսկողության, աշխատակազմի բյուջետավորման գործընթացի, վերջինիս արդյունավետ բաշխման մոտեցումները:
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է նաև Ավստրիայի խորհրդարանի Դեմոկրատական կրթական կենտրոնի ղեկավար Լեոպոլդ Լուգմայրի և Խորհրդարանական բյուջետային գրասենյակի ղեկավար Հելմուտ Բերգերի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Դեմոկրատական կրթական կենտրոնի գործառույթները, իրականացրած ծրագրերը, ընդգծվել է կենտրոնի նշանակությունը խորհրդարանի և քաղաքացիների կապի ամրապնդման, կրթական ծրագրերի մշակման հարցում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում և փորձի փոխանակումը կրթական ծրագրերի մշակման և զարգացման ուղղությամբ: