ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 514-Ա որոշմամբ Արկադի Փելեշյանը
նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նիստին ներկա է եղել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել համայնքապետարանի աշխատակազմին՝ ստեղծված բարդ իրավիճակում աշխատանքները կազմակերպելու համար, ինչը հնարավորինս զերծ է պահել համայնքը կոլապսի ենթարկվելուց։ Գնել Սանոսյանը խոսել է նաև անելիքների մասին․ «Օգտվելով տրված իրավական կարգավորումներից՝ արդեն ունենք ժամանակավոր պաշտոնակատար, ով քաղաքը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև բուն իրավական գործընթացները կկարգավորվեն ինչպես հարկն է և ինչպես օրենքն է։ Հասկանում եմ, որ չափազանց բարդ ժամանակահատված է, շատ պարտավորություններ և անելիքներ կան, որոնք նշված խնդիրների պատճառով չեն իրականացվել, բայց մյուս կողմից գիտեմ, որ ավագանու անդամ լինելը, հետագայում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ լինելը բավական համոզիչ են այն առումով, որ քաջածանոթ եք քաղաքի խնդիրներին։ Պարոն Փելեշյան, հույս ունեմ, որ առաջ եկած խնդիրները իրավական հնարավորությունների պարագայում արագ կկարգավորեք Ձեր լիազորությունների շրջանակում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի քաղաքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար»։
Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաջատեղյակ լինելով համայնքի խնդիրներին՝ իր լիազորությունների սահմաններում ջանք չի խնայի դրանց արդյունավետ լուծման համար։