ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՈՐԵՎԷ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԿԱ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ: Ղեկավարները մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մտադրության վերաբերյալ: Պուտինն ընդգծել է, որ Հելսինկիի` ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը որևէ սպառնալիք չկա:
Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ ղեկավարը տեղեկացրել է, որ Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են: Նրա խոսքով՝ Ուկրաինան շահագրգռված չէ լուրջ և կառուցողական երկխոսությամբ:
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ. ԼԱՎՐՈՎ
Արևմուտքը Ռուսաստանին տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել, դժվար է կանխատեսել, թե դա որքան կտևի, բայց հետևանքները կզգան բոլորն` առանց բացառության, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի 30-րդ վեհաժողովում։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ «ուղիղ առճակատումից խուսափելու համար»։
«Բայց, քանի որ մարտահրավեր է նետված, մենք, իհարկե, ընդունում ենք այն: Մենք օտար չենք պատժամիջոցներին, այս կամ այն ձևով դրանք գրեթե միշտ եղել են», - ավելացրել է նա:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է ԱՄՆ Սենատի պատվիրակությանը՝ Միտչել Մաքքոնելի գլխավորությամբ: Պատվիրակության այցը ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև Ամերիկայի ժողովրդի կողմից Ուկրաինային աջակցության հզոր ազդանշան է, նշված է Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին ոչ միայն Ուկրաինային, այլև ժողովրդավարական արժեքներին աջակցելու համար:
Այցից մեկ օր առաջ Կենտուկիի հանրապետական սենատոր Ռենդ Փոլն արգելափակել էր Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁԵԼ Է ՆՊԱՍՏԵԼ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՔԱԼԸՆ
Թուրքիան առաջարկել է ծովային ճանապարհով տարհանել Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում մնացած վիրավոր զինվորներին: Թուրքիայի նախագահի խոսնակը «Ռոյթերս» գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ առաջարկը քննարկվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ. այն դեռ մնում է «սեղանին», իսկ Մոսկվան այդ տարբերակին չի համաձայնել: Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան հարևան է Ռուսաստանին և Ուկրաինային, լավ կապեր ունի երկուսի հետ էլ և փորձել է նպաստել խաղաղ բանակցություններին:
Նա նաև հայտարարել է՝ Անկարան դեմ է Ռուսաստանի ներխուժմանը, համաձայն չէ Մոսկվայի դեմ սահմանվող պատժամիջոցներին, իսկ Կիևին շարունակում է անօդաչու սարքեր մատակարարել: Քալընն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության թեմային, նշել, որ Անկարան չի փակում Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դուռը, սակայն պնդում է, որ պետք է հաշվի առնվեն Թուրքիայի ազգային անվտանգության մտահոգությունները։
ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Վրաստանը չի ճանաչելու Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Հարավային Օսիայի հանրաքվեի արդյունքները, լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Թբիլիսին չի ճանաչելու ո՛չ դե ֆակտո իշխանություններին, ո՛չ դե ֆակտո ընտրությունները, ո՛չ էլ դե ֆակտո հանրաքվեն:
«Այդ հարցում մեր դիրքորոշումը հստակ է ու պարզ: Շարունակելու ենք հետևել այս գծին»,- ասել է Կոբախիձեն:
Ավելի վաղ, Հարավային Օսիայի ղեկավարը հայտնել էր Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: