Մայիսի 10-15-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) տարածաշրջանային կոնֆերանս՝ տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Հայաստանը միացել է այս հարթակին 2018 թվականին, որի հիմնական նպատակն է կենսաբազմազանության պահպանությունը՝ ամրապնդելով կապը գիտության և քաղաքականության միջև։
Կոնֆերանսին մասնակցել են պատվիրակություններ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից։
Կոնֆերանսը կազմակերպվել է Գերմանական կենսաբազմազանության ցանցի ինստիտուտի (ibn), Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարության և Բնության պահպանության գերմանական դաշնային գործակալության կողմից՝ ՀՀ-ում IPBES-ի ազգային համակարգող՝ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Լևոն Աղասյանի աջակցությամբ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։