Այս տարվա առաջին եռամսյակում միայն Ռուսաստանից մոտ 109.000 զբոսաշրջիկ է եկել մեր երկիր: Ընդհանուր առմամբ՝ արդեն 249.000 հյուր ենք ունեցել աշխարհի տարբեր ծայրերից:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Ռուսաստանից աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.6 անգամ աճել ա, 30.000 ա եղել, դարձել ա 109.000, կրկնակի աճել ա Ուկրաինան՝ մոտ 4000, և մոտ 4 անգամ ավելացել ա Բելառուսը՝ 7-ից՝ 2800:
Ապրիլին Հայաստան եկած տուրիստների թիվը, էկոնոմիկայի նախարարի հրապարակած տվյալով՝ 96.938 է. 2021-ին` նույն ժամանակահատվածում 41.881 է եղել, 2020-ի ապրիլին՝ կորոնավիրուսային լոքդաունի ժամանակ՝ 0: Այս տարվա թվերը թեև փոքր են 2019-ի զբոսաշրջային բումից, բայց հուսադրող են, ոլորտը վերականգնվում է հետպատերազմյան, նաև՝ կորոնավիրուսային շոկից: Քիչ, բայց աճ կա նաև եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, հարևան Իրանից:
Մեխակ Ապրեսյան - Իրանը 9000-ից աճել է մոտավորապես 23.000, պայմանավորվում է Նովրուզի տոնակատարություններով, Ռուսաստանից այցելությունները պայմանավորված են ուկրաինական ճգնաժամով:
Այս տվյալները, Ապրեսյանի խոսքով՝ զուտ զբոսաշրջային են, նրանք, որ Հայաստանում են որպես միգրանտ, հրապարակված այս թվերում ներառված չեն:
Մեխակ Ապրեսյան - Այսինքն` նրանք դասական առումով համապատասխանում են «զբոսաշրջիկ» սահմանմանը, նրանք եկել են ժամանակավոր, ապրել են հյուրանոցներում, վարձու աշխատանք չեն կատարել, գումար են ծախսել և այլն:
Հայաստանը աշխարհին էլ ավելի ճանաչելի դարձնելու նպատակով զբոսաշրջային կոմիտեն մասնավոր հատվածի հետ պետական տաղավարով Դուբայում մասնակցել է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որին ներգրավված են աշխարհի տուրիստական 60 հայտնի երկրներ:
Գայանե Այվազյան (զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու) - Ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով որ հանդիպումները տեղի են ունենում Bi2bi ձևաչափով, այսինքն` ներկայացուցիչները մասնակցում են, որպեսզի գործնական հարաբերություններ ստեղծեն, որպեսզի հետագայում կարողանան ներկայացնել երկիրը:
Հայաստանի տուրիստական գրավչություններով հետաքրքրվող երկրները, Այվազյանի խոսքով` ավելանում են, կան արդեն գործնական առաջարկներ: Առաջին անգամ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցել է նաև Fly Arna-ն՝ որպես ազգային փոխադրող: