37 ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԻԵՎՈՒՄ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրենց աշխատանքն է վերսկսել 37 երկրի դեսպանություն` «Տելեգրամի» իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրների իշխանություններին, որոնք նման որոշում են ընդունել: Նա համոզմունք է հայտնել, որ շուտով մայրաքաղաք կվերադառնան նաև այլ երկրների դեսպանություններ:
«ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
«Մեծ յոթնյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան, հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն: Երկրների արտգործնախարարները հայտնել են, որ շարունակելու են մատակարարել զենք Ուկրաինային «այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»: G7-ի երկրները նաև խոստացել են ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության այն ոլորտների նկատմամբ, որոնցից առավել կախված է երկիրը: Տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկրները վերահաստատում են Ռուսաստանի վրա տնտեսական և քաղաքական ճնշումն ավելացնելու վճռականությունը: Պետությունները կոչ են արել Չինաստանին չօգնել Ռուսաստանի Դաշնությանը, երկրի դեմ պատժամիջոցներ սահմանել և չարդարացնել Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում։
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու միակ հնարավորությունը Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ համաձայնագրի կնքումն է՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Օլաֆ Շոլցը կրկին կոչ է արել ՌԴ-ին զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից: Կանցլերը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ չի տեսել նրա ձգտումը՝ փոխելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը: Շոլցը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան չի հասնի որևէ նպատակի, ինչի մասին նշել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկին: Գերմանիայի կանցլերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի միանալու հավանականությանը՝ հայտարարելով, որ այդպիսով Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի քան երբևէ ամուր կլինի:
ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ
Անկարան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Շվեդիան և Ֆինլանդիան պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ. հայտարարությունն արել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը:
Էֆքան Ալյան նշել է, որ շվեդ նախարարը վերջերս այցելել է մի միջոցառում, որը կազմակերպել էր Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: «Ակնկալում ենք, որ նրանք մեր անվտանգային խնդիրներին վերաբերվեն նույնքան լուրջ, որքան մենք ենք վերաբերվում այդ երկրների անվտանգային հարցերին»,- հայտարարել է Ալյան: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»:
ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿՓՈՐՁԵՆ ՀԱՄՈԶԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն և Ֆինլանդիայի իր գործընկերը Բեռլինում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կհանդիպեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ. հանդիպման հիմնական նպատակն է լինելու՝ համոզել Թուրքիային վերանայել դիրքորոշումը Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հարցում: Լինդեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամների զգալի մասն իր աջակցությունն է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:
ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ԺՈԼԻ
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հնարավորինս արագ կազմակերպել՝ հայտարարել է Կանադայի արտգործնախարարը: Մելանի Ժոլին Գերմանիայում G7-ի արտգործնախարարների հետ հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է, որ դաշինքի անդամների միջև պետք է «համաձայնություն» լինի այդ հարցում։ Ժոլին տեղեկացրել է, որ այսօր Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է լինելու այդ հարցին:
ՌԴ-Ն ԹՇՆԱՄԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ. ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Եթե Ֆինլանդիան ու Շվեդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի արձագանքի մասին որոշումը հույզերի հիման վրա չի ընդունվի՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը: Ալեքսանդր Գրուշկոն նշել է, որ այդ փոփոխությունը չի կարող առանց քաղաքական արձագանքի մնալ, ինչպես նաև առանց ուժերի նոր դասավորության հետևանքների շատ մանրակրկիտ վերլուծության, այն դասավորության, որը կարող է ձևավորվել դաշինքի հերթական ընդլայնման արդյունքում: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ Ռուսաստանը թշնամական մտադրություններ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի նկատմամբ:
ԱՄԷ-Ն ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Արաբական Միացյալ Էմիրությունների Բարձրագույն դաշնային խորհուրդը նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին: Մայիսի 13-ին 73 տարեկանում մահացել էր Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը: