ԿԻԵՎՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՏԱՐՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կիևն անում է ամեն ինչ՝ պաշտպաններին «Ազովստալից» տարհանելու համար` հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Կիևն այդ նպատակով ներգրավում է ազդեցիկ միջնորդների: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ «շատ բարդ բանակցություններ» են ընթանում։ Զելենսկու խոսքով՝ տարհանման առաքելության հաջորդ փուլով նախատեսվում է գործարանից դուրս բերել ծանր վիրավորում ստացածներին, բուժաշխատողներին:
Ուկրաինացի ժողովրդին Զելենսկին խոստացել է ազատագրել բոլոր այն քաղաքները, որոնք գտնվում են ռուսական բանակի վերահսկողության տակ: «Խարկովի շրջանի ազատագրումն ապացուցում է, որ մենք ոչ ոքի չենք թողնի թշնամուն»,- իր ելույթում նշել է Ուկրաինայի ղեկավարը: Վոլոդիմիր Զելենսկին նաև կոչ է արել ավելացնել ռազմական և ֆինանսական օգնությունը Կիևին, քանի որ, իր խոսքով՝ «Ռուսաստանի ներխուժման ժամանակ միայն դա է ազատությունը պաշտպանելու բաղադրատոմսը»։
ՁՄԵՌԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ
Առաջիկա ձմեռը Գերմանիան կարող է անցկացնել առանց ռուսական գազի մատակարարման՝ էներգիայի զգալի խնայողության և գազապահեստարանները լցված լինելու դեպքում՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարարը: Ռոբերտ Հաբեքը կարծիք է հայտնել, որ արդյունաբերությունը և անհատները կարող են 10%-ով կրճատել էներգիայի սպառումը՝ չհայտնվելով «աղետալի վիճակում»: Միևնույն ժամանակ, փոխկանցլերը զգուշացրել է, որ նման պարագայում գազի գինը շատ բարձր կլինի, իսկ ձմռան վերջին գազի պահեստարանները կդատարկվեն:
Ավելի վաղ Հաբեքը հայտարարել էր, որ Գերմանիան առայժմ չի կարող Ռուսաստանից բնական գազի մատակարարման արգելք սահմանել: Նրա խոսքով՝ Գերմանիայի պահեստարանները լցված են միայն 40%-ով։
ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՄՆ-Ի ԵՎ ՏԱՍԸ ԵՐԿՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի առաջնորդների հետ Վաշինգտոնում տեղի ունեցած առաջին գագաթնաժողովը նշանավորեց որպես «նոր դարաշրջանի» մեկնարկ՝ Միացյալ Նահանգների և 10 երկրների միջև հարաբերություններում՝ նշել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը նաև հայտարարել է հավելյալ 150 միլիոն դոլարի մասին՝ ԱՄՆ-ԱՍԵԱՆ համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների համար՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարից մինչև ենթակառուցվածքների արդիականացում: Առաջին անգամ է, երբ գագաթնաժողովի շրջանակում Վաշինգտոնում են հավաքվել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի առաջնորդները. սա նաև նրանց առաջին հանդիպումն էր 2016 թվականից հետո:
ՋԵՆ ՍԱԿԻՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ
Ջեն Սակին երեկ անցկացրել է իր 224-րդ և վերջին ճեպազրույցը՝ որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար: Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար։ Լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման 16 ամսվա ընթացքում Սակին ավելի շատ ճեպազրույցներ է անցկացրել, քան նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր մամուլի քարտուղարները միասին վերցրած: Սակին իր գործունեությունը շարունակելու է հեռուստատեսության ոլորտում. նախնական տվյալով՝ աշխատանքի է անցնելու MSNBC-ում:
ՎՍՏԱՀԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
«Վստահելի համաձայնություն կարելի է ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն քաղաքական որոշում կայացնի և հավատարիմ մնա իր պարտավորություններին»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Անդրադառնալով Վիեննայի բանակցությունների համակարգող Էնրիկե Մորայի Թեհրան կատարած այցին՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ այցը հնարավորություն է ստեղծել նախաձեռնությունները կենտրոնացնելու Վիեննայի բանակցությունների մնացած հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ շփումները շարունակվում են:
ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ
Հնդկաստանը հայտարարել է հացահատիկի արտահանման արգելքի մասին: Երկրի առևտրի և արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն՝ արգելքը պայմանավորված է հացահատիկի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ, որի հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ: Այդ ամենի պատճառով Հնդկաստանի, հարևանների և այլ խոցելի երկրների սննդի անվտանգությունը հայտնվել է սպառնալիքի տակ: Ցորենը Հնդկաստանից կարտահանվի կառավարության թույլտվության հիման վրա՝ պարենային անվտանգության կարիքները բավարարելու համար։
«ՄԵԾ ՑՆՑՈՒՄ». ԿԺԴՀ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՌՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում հանրապետության հիմնադրման պահից ի վեր. երկրի տարածքում քովիդից մահվան 21 նոր դեպք է արձանագրվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27-ի: Կիմ Չեն Ընի խոսքով՝ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել այն դեպքում, եթե ուժեղացվի հակահամաճարակային պայքարը, և իրականացվեն խիստ կարանտինային միջոցառումներ: Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի ժամանակ այսօր քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներ սահմանելու հնարավորությունը: