Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:
4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարեց և հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի համար 9 ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու հանրակրթական դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակեց Լոռու մարզի համար 5 ավագ դպրոցը:
Պարգևատրման արարողությունը կատարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և առողջապետության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դպրոցականների խճուղավազքը կարևոր նախաձեռնություն է, իսկ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորեց դպրոցականների միջև թիմային մրցաշարի անցկացումը՝ վստահեցնելով, որ այն շարունակական բնույթ կկրի. «Գիտենք, թե դպրոցականներն ինչ ոգևորությամբ և լրջությամբ են նախապատրաստվել այս մրցաշարին, ու շատ ուրախ ենք այդ առիթով: Իհարկե, հաղթանակը կարևոր է, բայց առավել կարևոր է մեր նպատակը՝ առողջ ապրելակերպի խթանումը, սպորտի մասսայականացումը, ինչն էլ հասարակության մեջ ձևավորում է սպորտային տրամադրություն»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ շեշտեց՝ նպատակն է հասնել նրան, որ Հայաստանի բոլոր աշակերտները հնարավորություն և ներուժ ունենան մասնակցելու այս մրցաշարին:
Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:
Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Այս գումարները դպրոցները կուղղեն իրենց մարզադահլիճների վերանորոգմանն ու կահավորմանը:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ:
Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցչի, 100-հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75-հազարական դրամ աշակերտների համար: