Գյումրիում հունիսի 1-ից համայնքապատկան բոլոր կառույցների և համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսի չափով։ 2021-ի վերջին բյուջեի քննարկման ժամանակ հարցն արդեն նախատեսված էր, համապատասխան փոփոխություններն արվել են։ Օրերս էլ ավագանին ընդունեց որոշումը։
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Կուզենք 10 տոկոս բարձրացնել թվով 58 ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը, ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմով, 2023 աշխատողի մասին է խոսքը՝ 10 տոկոսով, 21 մլն դրամ ամեն ամիս գումարի մասին է, ամեն ամիս բյուջեից:
Աշխատավարձի այս բարձրացումից կօգտվեն մանկապարտեզների, երաժշտական ու սպորտ դպրոցների, ինչպես նաև թանգարանների ու գրադարանների աշխատակիցները։ Համայնքապատկան կառուցներում աշխատավարձը ցածր է՝ մեկ դրույքը վճարվում է հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ եթե աշխատակիցը մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունի՝ ավելի պակաս է վճարվում։
Վարդգես Սամսոնյան - Մանկապարտեզներ, սպորտի դպրոցներ, թանգարաններ, գրադարաններ՝ բոլորի դեպքում 10 տոկոսով՝ 5 հազար դրամ, 10 հազար, 7 հազար, տարբեր կլինի բարձրացումը ըստ վճարման։
Մանկապարտեզներում աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել էր 3-4 տարի առաջ։ Ոչ բոլորն էին օգտվել այդ հնարավորությունից։
Արփինե Արաքչյան («Անի պարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն) - 3 տարի առաջ դայակների, բուժքույրերի, տնօրենի աշխատավարձը բարձրացավ շատ չնչին, այս անգամ բոլորինը՝ 10 տոկոսով, մի փոքր դժգոհություն կար դաստիարակների այն ժամանակ, թե ինչո՛ւ իրենցը չի բարձրանում:
Այս անգամ հավասարության սկզբունքը պահպանվեց՝ ասում է Արփինե Արաքչյանը, աշխատակիցները բարձրացումից տեղյակ են և ոգևորված։
Թանգարաններում վերջին տարիներին ավելացել է աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։ Գյումրին զբոսաշրջային կենտրոն է այլևս։ Եվ հատկապես տոնական ու հանգստյան օրերին թանգարանների բակերում հերթեր են։
Սուսաննա Մնացականյան (Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ֆոնդապահ) - Լսեցինք, մենք էլ ուրախացանք, սպասելի է և նաև անսպասելի, մեր երկրում վիճակը հաշվի առնլով, նաև հետպատերազմյան շրջանում: Ուրախ ենք, որ քայլ առաջ եղավ, և ուշադրություն է դարձվում մեր աշխատանքին, աշխատավարձին, կարևոր է, իհարկե, թեկուզ՝ 10 տոկոսով:
Թեև աշխատավարձի բարձրացումը մեծ չէ, բայց քաղաքապետը հույս ունի՝ այն փոքր-ինչ կմեղմի սոցիալական վիճակը։ Բյուջեում տնտեսումներ ունենալու դեպքում նա նույնքան բարձրացում է խոստանում հաջորդ տարի։