Այսօր «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչն է: Իտալական Թուրինն այսօր եվրոպական երգի կենտրոնն է:
Առաջին կիսաեզրափակչին մասնակցելով՝ մեր պատվիրակ Ռոզա Լինն իր «Սնափ» երգով փայլուն ելույթ ունեցավ և դուրս եկավ եզրափակիչ:
Ռոզա Լին («Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ) - Շատ լարված էինք, որովհետև իրոք մեծ բեռ էր բոլորիս ուսերին, հիմա ավելացել է մի նոր պատասխանատվություն՝ լավ ելույթ ունենալ ու Հայաստանը լավ ներկայացնել:
Ռոզայի հեղինակային երգը սիրել և արդեն անգիր են արել շատերը:
Ռոզա Լին - Ես շատ ուրախ եմ, որ երկու տարի դադարից հետո Հայաստանը վերադարձել է «Եվրատեսիլի» եզրափակիչ, ուրախ եմ, որ դրա մի մասն եմ:
Ռոզան եզրափակչում ելույթ կունենա 8-րդը:
Ռոզա Լին - Ես ստանում եմ շատ-շատ սեր մարդկանց կողմից, ինչն ինձ շատ օգնում ա էս ծանր ու դժվար օրերին հաղթահարել լարվածությունն ու ուղղակի լավ ելույթ ունենալ:
Այսօր՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21.00-ին, Երևանի ժամանակով 23.00-ին, մրցույթը կմեկնարկի: Եզրափակչում քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները:
Ռոզա Լին - Սիրելի՛ հայրենակիցներ, ես շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, սփյուռքում, Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներ, ես ոչ միայն ձեր աջակցության, այլև քվեների կարիքն ունեմ, խնդրում եմ՝ դիտել «Եվրատեսիլը» մայիսի 14-ին և քվեարկել իմ օգտին:
Ռոզա Լինի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված հատուկ կարճ համարին. քվեարկության պահին հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել ձեր բնակության երկրի հանրային հեռուստաընկերությամբ: Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ: