Անկարան չի փակում դռները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առաջ, սակայն պնդում է, որ դաշինքի մյուս անդամները հաշվի առնեն Թուրքիայի մտահոգությունն ազգային անվտանգության հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Այդ երկրները պետք է արգելեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների գործունեությունը, վերջ տան այդ երկրներում կազմակերպության գոյությանը և ներկայության այլ ձևերին»,- նշել է պաշտոնյան:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գաղափարին՝ պատճառաբանելով, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներն ակտիվ գործունեություն են ծավալում սկանդինավյան երկրներում: