Արդեն հայտնի է, թե ինչ հարցաշարով են քննություն հանձնելու նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները: Ինչպես դպրոցի դեպքում է, մանկապարտեզի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար էլ նախ պետք է հավաստագիր ձեռք բերել:
Հարցաշարը հրապարակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում:
Հարց 20. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքն ո՞ւմ է պատկանում:
Հարց 22. Ո՞վ է տնօրինում համայնքի սեփականությունը:
Հարց 248. Ո՞րն է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության նպատակը:
Հարց 296. Նշվածներից ո՞րն է խոսքային մեթոդ։
Հարց 298. Ո՞ր խմբերը կարելի է համարել համագործակցային։
Հարց 325. Ի՞նչ հաճախականությամբ պետք է մաքրել երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակները:
Հարց 334. Ե՞րբ և ինչպե՞ս են համալրվում ազատ տեղերը պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Այսօրինակ 341 հարցից էլ կձևավորվի քննական թեստը, որում կլինի 60 հարց:
Թեհմինե Կարախանյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ) - Անձը, ով պատրաստվում է դառնալ մանկապարտեզի տնօրեն, պետք է գոնե օրենսդրական, մանկավարժական, հոգեբանական, կառավարչական այդ հմտություններին, գիտելիքներին, կարողություններին տիրապետի, իսկ հարցաշարերը կազմված են հենց այդ սկզբունքներով:
Հավաստագրման պահանջը կվերաբերի նոր համալրվող թափուր պաշտոններին:
Թեհմինե Կարախանյան - Այս պահին հանրապետությունում գործող շուրջ 700 համայնքային մանկապարտեզներից 60 տոկոսի տնօրենները պաշտոնավարում են անորոշ ժամկետով: Այսինքն՝ քանի դեռ օրենսդրական փոփոխություն չի կատարվել, այդ տնօրենները կշարունակեն պաշտոնավարել առանց հավաստագրի պահանջի, բայց մնացած 40 տոկոսը՝ ժամկետային աշխատող տնօրենները, արդեն նոր մրցույթի դեպքում պարտադիր պետք է ներկայացնեն հավաստագիրը:
Հավաստագրումից առաջ դեռ պետք է ընտրվեն թեկնածուներին վերապատրաստող կազմակերպությունները: Նախատեսվում է, որ արդեն հուլիսին կիրականացվի հավաստագրման առաջին փուլը: Գործընթացը կլինի քննական սենյակում՝ էլեկտրոնային եղանակով: Թեստի հարցերին պատասխանելու համար կտրվի 60 րոպե: Մանկապարտեզի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հավաստագիր կտրամադրվի առնվազն 90 տոկոս արդյունքի դեպքում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան