Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և ակումբների մի խումբ ֆուտբոլիստների։
Քննարկվել են ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։
Երկրի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի կողմից գործադրվող ջանքերը և հավաստիացրել` չնայած հետպատերազմական շրջանին, հատուկ սոցիալ-տնտեսական դժվարություններին՝ Կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացման ծրագրերը։
Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև ֆեդերացիայի խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին։
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։