ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հերթական նիստը։
Վերջինիս մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 59 հայտը, որոնք վերաբերել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, լուսավորության ցանցի անցկացմանը, կոյուղագծերի կառուցմանը և այլն։
Հանձնաժողովի նիստում անդրադարձ է կատարվել նաև «Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագծին, որով առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարեսկզբից, իսկ շինարարական աշխատանքները՝ անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։