ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստում ներկայացրեց Նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծ: Նա նշեց, որ վերջինը մոտ 20 տարվա հնություն ունի, և պետք է արդիականացնել մի շարք կարգավորումներ, որոնք տարիների ընթացքում վերանայման կարիք են ունեցել:
«Դրա մի օրինակ է ուղղիչ հիմնարկների տեսակները արհեստականորեն բաժանված՝ բաց, կիսաբաց, կիսափակ և բուժական: Սրա փոխարեն ունենալու ենք անվտանգության 3 գոտի՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության հիմքով: Մարդիկ, որոնք հայտնվելու են քրեակատարողական հիմնարկներում, նրանց բաշխումը լինելու է կատարած հանցանքների հետ կապված, բայց հետագայում նաև վարքագծի հետ կապված լինելու են վերափոխումներ: Սա վերասոցիալականացման առումով շատ ավելի առողջ մոդել է: Սա միջազգային այն մոդելն է, որը ներդրվում է այս նոր քրեակատարողական օրենսգրքով»,- ասաց Անդրեասյանը:
Կարևոր փոփոխություններից մեկը, ըստ նախարարի, բուժական ուղղիչ հիմնարկը որպես առանձին տեսակ չպահպանելն է:
«Հիմա ունենք «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ պահման պայմանները բոլորովին լավը չեն, բայց շատերը ցանկանում են այնտեղ հայտնվել, որովհետև այդ հիմնարկն ունի մի պահման ռեժիմ, այն ավելի ազատ ռեժիմն է, և այն ազատազրկվածները, որոնք ուզում են փոքր-ինչ ավելի ազատ վիճակում հայտնվել, նույնիսկ անմխիթար շենքային պայմանների դեպքում ձգտում են այնտեղ: Դա առաջացնում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Նոր օրենսգիրքը բերում է նոր տրամաբանություն, որ բուժական հիմնարկն էլ հարմարեցված է ռիսկայնության այս 3 գոտիների հետ կապված»,- ասաց նախարարը:
Անդրեասյանը շեշտեց՝ ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի պատժի կրումը պետք է լինի անհատականացված:
«Սա դրական քայլ է մեր ազատազրկված անձանց համար: Հեղափոխության արդյունքում էականորեն նվազել են մեր երկրում ազատազրկվածների թիվը, բայց այնքանը, որքանը կան, պիտի շարունակենք հոգ տանել նրանց մասին, փորձենք այնպես անել, որ նրանք վերադառնան հասարակություն՝ պատիժը կրելուց հետո»,-ասաց Անդրեասյանը: