Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել պատշաճ մասնակցություն տարբեր մարզաձևերի կրտսեր տարիքի պատանիների առաջնություններին: Ըստ հիմնավորման՝ որոշման մշակման հիմք են հանդիսացել մարզաձևերի ֆեդերացիաներից և ոլորտի մասնագետներից ստացված առաջարկությունները՝ երեխաների մարզադպրոց ընդունվելու նվազագույն տարիքի վերանայման վերաբերյալ:
Առաջարկները հիմնավորվում են տարբեր մարզաձևերում կրտսեր տարիքի պատանիների (սկսած 12 տարեկանից) առաջնությունների անցկացմամբ, որոնց պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելի վաղ տարիքից սկսել մարզումները:
Ըստ այդմ՝ առաջարկվում է տարբեր մարզաձևերում ընդունելությունը և մարզումները կազմակերպել ավելի վաղ տարիքից. 2022 թ. սեպտեմբերի 1-ից՝ ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում, 2024 թ. սեպտեմբերի 1-ից՝ բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից: