Վարչապետի գավաթին կարժանանան նաև այն դպրոցական թիմերը, որոնք կհաղթեն խճուղավազքում: Գաղափարի ծնունդն ու իրականացումը կարճ պատմություն ունեն, սակայն դպրոցականների հետաքրքրությունը մեծ է եղել: Առաջին տարածաշրջանային փուլին մասնակցել է 1700 դպրոցական:
Սերգեյ Աբրահամյան (ՀՀ ԿԳՄՍ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ) - Հանրապետության տասը մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը որպես առանձին միավորներ մասնակցել են միջոցառման առաջին փուլին: Առաջին փուլին մասնակցել է մոտավորապես 246 դպրոց:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը՝ մայիսի 14-ին, Դիլիջանի Պարզ լճի տարածքում: Առաջին փուլը հաղթահարել է 12 թիմ, որոնք էլ կմասնակցեն եզրափակչին: Հաղթողներին ոչ միայն գավաթ, այլև դրամական պարգև է սպասվում: Արդեն պարզ է պարգևատրման չափը:
Սերգեյ Աբրահամյան - Առաջին տեղը գրաված դպրոցը կպարգևատրվի 4 միլիոն դրամով, երկրորդ տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 2,5 միլիոն, և երրորդ տեղը գրաված դպրոցը 1,5 միլիոն դրամով:
Պարտադիր պայման ևս կա. հաղթող թիմին հնարավորություն է տրվելու գումարը ծախսել դպրոցի մարզադահլիճի նորոգման կամ մարզագույք ձեռք բերելու համար: Ֆիզկուլտուրայի ուսուցիչներին առանձին պարգև է սպասվում:
Սերգեյ Աբրահամյան - Առաջին տեղը գրաված թիմի ուսուցիչը կպարգևատրվի 700 հազար դրամ, երկրորդը՝ 500 հազար դրամ, և երրորդը՝ 300 հազար դրամ: Սա նրանց անհատական պարգևներն են լինելու, ոչ մի տեղ ուղղել պետք չէ:
Կպարգևատրվեն նաև աշակարտները՝ առաջին տեղը գրաված թիմի յուրաքանչյուր աշակերտ կստանա 150 հազար դրամ: Երկրորդ թիմի մասնակիցները՝ 100 հազար և երրորդ տեղը գրաված թիմի անդամները՝ 75 հազարական դրամ: Մեկ դպրոց՝ մեկ թիմ, պարտադիր պայմանով. եզրագիծը պետք է հատեն ամբողջ թիմով: Մայիսի 28-ին էլ Շողակաթ-Սևան 40 կիլոմետրանոց հատվածում տեղի կունենա վարչապետի գավաթ հեծանվավազքի մրցույթը: Մրցանակային ֆոնդը 1 միլիոն դրամից է սկսվում: Իսկ հուլիսին տեղի կունենա լողի սիրողական մրցարաշարը, սեպտեմբերին խճուղավազքում կմրցեն մեծահասակները: