ԱՆԿԱՐԱՆ ԴԵՄ Է ՍՏՈԿՀՈԼՄԻ ԵՎ ՀԵԼՍԻՆԿԻԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ
Անկարան դեմ է Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Մենք հետևում ենք Ֆինլանդիայում և Շվեդիայում զարգացումներին, բայց դրական ոչինչ այդ հարցում չենք տեսնում։ Սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»,- ընդգծել է Ռեջեփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախկին վարչակազմերը սխալ են թույլ տվել Հունաստանի հարցում՝ թույլ տալով նրան հայտնվել դաշինքում․
«Մենք չենք ցանկանում երկրորդ անգամ սխալվել»,- հավելել է նախագահը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Հելսինկին մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթ։
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ Անկարայի հայտարարությանը:
«Վաշինգտոնն աշխատում է Թուրքիայի դիրքորոշումը հստակեցնելու ուղղությամբ։ Միաժամանակ, Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ստոկհոլմին և Հելսինկիին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում և հաշվի է առնում Անկարայի բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նման ընդլայնմանը»,- հայտնել են կառույցից։
Պետքարտուղարությունում նաև գնահատել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը, ընդգծել՝ «ոչինչ երաշխավորված չէ, արդյունքը կախված է Թեհրանից»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հարցով Վիեննայի բանակցողները կարող են համաձայնության հասնել, եթե Միացյալ Նահանգները քաղաքական որոշում կայացնի և կատարի իր պարտավորությունները։
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՇՈԼՑԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՈԻԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։
Ռուս-ուկրաինական բանակցությունները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդները։ Վլադիմիր Պուտինը պնդել է՝ Կիևն արգելափակում է խաղաղ երկխոսության առաջխաղացումը։ Օլաֆ Շոլցը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։
Վաշինգտոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը։ Սերգեյ Շոյգուն և Լլոյդ Օսթինն անդրադարձել են միգազգային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում զարգացումներին։ Սա պաշտոնյաների առաջին զրույցն է փետրվարի 18-ից ի վեր։
Տեղի է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի հնարավոր անդամակցության հարցը, քննադատել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։
ԵՄ-Ն ԱՐԴԵՆ 2 ՄԼՐԴ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Գերմանիայում հանդիպել է Մեծ յոթնյակի երկրների իր գործընկերների հետ, քննարկել Կիևին զենքի մատակարարումները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը։
Նա նաև առանձնազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ, քննարկել Կիևի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը։
Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ Ուկրաինային աջակցությունը շարունակվում է։
«Հայտարարում եմ Կիևին 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին․ այսպիսով՝ մեր աջակցությունը կազմում է արդեն 2 միլիարդ եվրո»,- նշել է Բորելը, հավելել՝ այդ փաթեթի շրջանակում Կիևը ծանր զրահատեխնիկա կստանա։
G7-ի ԱԳ նախարարների եռօրյա բանակցությունները մեկնարկել են մայիսի 12-ին․ հանդիպման օրակարգում Ուկրաինայում իրավիճակն է։ Մեծ յոթնյակը քննարկել է նաև Աֆղանստանում կանանց իրավունքների խախտման դեպքերը, դատապարտել թալիբների հրամանագիրը կանանց համար պարտադիր փարաջա կրելու մասին։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽՈՍԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՎԵՐՋՆԱԳՐԵՐԻ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպելու և զրուցելու Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց միջնորդների և վերջնագրերի։ Վոլոդիմիր Զելենսկին հավելել է նաև, որ երբեք չի ճանաչի Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս։
«Մոսկվայի հետ բանակցություններն օրեցօր բարդանում են: Ուկրաինական հասարակությունը 8 տարի է՝ ցանկանում է խոսել Մոսկվայի հետ և հիմա էլ դրական է գնահատում այդպիսի հնարավորությունը»,- ասել է նա իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին։
«Մեզնից հետո ուրիշ նախագահներ են գալու, սերունդներ են փոխվելու։ Ամեն դեպքում, Ռուսաստանը Ուկրաինայի հարևանն է, մեր միջև սահմաններ կան։ Բայց պատերազմը դրանք վերածեց ոչ թե տարածքային, այլ պատմական սահմանների»,- եզրափակել է Զելենսկին։
Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումից, սակայն դա անհնար է առանց նախապատրաստական աշխատանքների, հայտնել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դեռևս չկա հնարավոր խաղաղության փաստաթուղթ, որի հիման վրա Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին կարող են վերջնական պայմանավորվածության գալ։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մենք առաջնորդվում ենք նախագահ Պուտինի հրամանով․ նա ասել է, որ ուկրաինացի զինվորականները կարող են դուրս գալ, եթե վայր դնեն զենքը»,- նշել է Պեսկովը։