Պետական վերահսկողական ծառայությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունում: Ուսումնասիրվել են 2018-ից մինչև 2022 թվականը կնքված բժշկական պայմանագրերն ու դրանց հիման վրա մատուցված ծառայությունները: Խախտումները երկու խմբի են, բայց նույնանման. ընկերությունը որոշակի ծառայության դիմաց վճարվել է տնտեսվարողների կամ քաղաքացիների կողմից, բայց այդ նույն ծառայության դիմաց գումար է պահանջել և ստացել նաև առողջապահության նախարարությունից.
«ՊՎԾ հաղորդագրություն /ընդգծումը 2 կտորով
13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության Նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ գրեթե 17 միլիոն 600 հազար դրամի չափով»:
Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին ընկերության կողմից 2019-2021 թթ.-ին մատուցված 22 612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել է 724 անհամապատասխանություն: Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկներ ընկերության կողմից կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել ու ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ՝ ընդհանուր՝ ավելի քան 5 միլիոն 672 հազար դրամի չափով:
Ոչ հավաստի տեղեկատվությունն ու խախտումները վերաբերում են ընդհանուր առմամբ 2005 դեպքի: Ու արդեն իսկ վճարված այդ կանչերի դիմաց նախարարությունն իր հերթին վճարել է ավելի քան 23 մլն դրամ: Հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ուղարկվել են գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
«Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասում է՝ կատարվածը մեխանիկական սխալների ու անփութության հետևանք է, և չկա որևէ միտում: Ընդգծում է՝ ուսումնասիրված ժամանակահատվածում ստացվել է 852 հազարից ավելի կանչ: Խնդիրներ են ծագել ընդամենը մի փոքր մասի դեպքում:
Թագուհի Ստեփանյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն) - Խնդիրը մուտքագրելու մեջ ենք տեսել: Օպերատորները աշխատում են ութժամյա ռեժիմով, իսկ դուք շատ լավ գիտեք՝ ինչքանով ծանր էին մեզ համար 19-20 և 21 թվականները, և կանչերի թիվը ինչքանով բարձր է եղել, ուղղակի այստեղ եղել է օպերատորների որոշ չափով անփութությունը, որովհետև կարիքը կար անպայման արագ այդ կանչերը մուտքագրել, որ ստանանք համապատասխան ֆինանսավորում:
Տվյալները կրկնակի մուտքագրած օպերատորները նկատողություն են ստացել:
«Ոչ մի յուրացման մասին խոսք լինել չի կարող»,- ասում է Թագուհի Ստեփանյանը և հավելում, որ նշված երեք տարիներին ծառայության սպասարկած կանչերից 7 հազարի դիմաց պետությունից ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել: Ընդհանուր գումարը 48 միլիոն դրամ է: Պայմանագրով հաստատված բյուջեի սահմաններից դուրս ծախսերը պետությունը վճարել չի պարտավորվել:
Թագուհի Ստեփանյան - Իհարկե, երևի այդ գումարները կվերանայվեն, ինչ վերաբերում է 23 միլիոնին, որ նման ձևով այս ուսումնասիրության ընթաքում հայտնաբերվել է, բնական է` կփոխհատուցվի և կտրամադրվի բյուջեին, նորից կվերադարձվի: Եթե մենք յուրացրած լինեինք, ոնց կլիներ, որ ավել կատարած կանչերի համար մենք մի բան էլ ֆինանսավորման կարիք ունենք: Եթե մենք կատարել ենք 7212 կանչ, որը չի ֆինանսավորվել, իմաստը...:
Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններին, ապա դրանք, օրինակ, տարբեր առիթներով կամ կազմակերպությունների մոտ իրականացվող հերթապահություններն են, Երևանի հարակից համայնքների բնակիչների սպասարկումն է, որի համար վճարում է համայնքը: Իսկ քաղաքացիները վճարում են, եթե դիմում են հիվանդանոցից տուն տեղափոխվելու համար կամ անհրաժեշտություն է լինում մահացածի մարմինը դիահերձարան տեղափոխել:
Հեղինակ` Աննա Զախարյան