Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Փարիզում հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա անհայտ անձանց հարձակման հետ։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և հավելել․ «Մենք Ֆրանսիայից կոնկրետ քայլեր ենք ակնկալում, հարձակվողները պետք է պատժվեն»։
Ավելի վաղ Cumhuriyet թերթը հայտնել էր, որ անհայտ անձինք երկու ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել Ֆրանսիայի մայրաքաղաքում թուրքական դիվանագիտական ներկայացուցչության տարածք։ Պայթյունների ժամանակ վնասվել են շենքի պատերը, կոտրվել են ապակիներ, տուժածներ չկան։
Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել պայթուցիկի տեսակը պարզելու և հանցագործներին բռնելու համար։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։