Բանկային քարտերով Հայաստանում հունվարից մարտ 905 մլրդ դրամի 40 մլն հատից ավելի գործարք է արվել․ փող է կանխիկացվել, խանութում POS-տերմինալով գնում կատարվել, ինտերնետով կոմունալի վճարում կամ այլ ծախս։ Մարդիկ սկսել են նաև փոքր գումարների դեպքում քարտն օգտագործել՝ վերլուծել-պնդում են Բանկերի միությունում։ Եռամսյակային ցուցանիշներում, իհարկե, ներառված են նաև երկիր այցելած ռուսների՝ մեր խանութներում ու սրճարան-ռեստորաններում կատարած քարտային գործարքները։
Սեյրան Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն) - Վիզա և մաստեր քարտերի՝ ռուսական կողմից թողարկված, սպասարկումը Հայաստանում դադարեցվեցին, բայց ՄԻՌ-ը սպասարկվում է:
Արման Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ) - Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով Հայաստանում առաջին եռամսյակում 61 մլրդ դրամի չափով գործարք է եղել:
Բանկերի միությունում ևս, այնպես, ինչպես Կենտրոնական բանկում, հիմնականում տուրիստական հոսքերի հետ են կապում տարադրամի շուկայի վերջին տատանումները․ Հայաստանի հյուրերն իրենց հետ բերած ռուբլին կամ դոլարը պետք է, չէ՞, փոխանակեն դրամի, որ այստեղ ապրեն, ինչն էլ բերել է արտարժույթի ավելացման ու էժանացման։ Չնայած բանկերում քիչ չեն եղել նաև արտասահմանցիների կողմից ռուբլին դոլարի փոխանակելու դեպքերը։
Արման Սարգսյան - Նման ակտիվություն իհարկե նկատվել է:
Ի՞նչ ծավալների մասին է խոսքը՝ թվային պատկեր այստեղ չունենք: Դրամական փոխանցումների վիճակագրությունում ռուսների մասով որևէ առանձնացում չկա։ Ընդհանուր վերցրած՝ տարվա առաջին եռամսյակի դրությամբ փողի ներհոսքը Հայաստան ավելացել, հասել է 561 մլն դոլարի։ 35 տոկոսով աճել է նաև արտահոսքը։
Արման Սարգսյան - Զուտ ներհոսքը՝ ինչքան է երկիր գումար մտել ու գնացել, դրական է: Էս ցուցանիշն ավելացել է, 45 տոկոս է, և զուտ ներհոսքը 187 մլն դոլարի չափով է:
Ոչ ռեզիդենտներն իրենց ֆինանսական գործարքներով ազդել են նաև հայաստանյան բանկային համակարգի վրա, արդեն մի քանի տարի բնորոշ ավանդների աճի ցուցանիշի վրա։ Առաջին եռամսյակի դրությամբ ավանդները ոչ միայն չեն աճել, այլև նվազել են, արտասահմանցիների խնայողությունների հոսքի պատճառով։
Սեյրան Սարգսյան - Սա ևս սպասելի է, որովհետև արտարժույթի, էս աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշ միջոցներ վերադառնում են այն երկրներ, որտեղից եկել էին:
Հակառակ դրան՝ հայաստանցի ավանդատուներն ունեցած ազատ միջոցներից ևս 13 մլրդ դրամ են պահ տվել բանկերին։ Բանկերն իրենց հերթին՝ կորոնավիրուսային ու հետպատերազմյան խստացումներից հետո, կարծես սկսել են ավելի հեշտ պարտք տալ բիզնեսին ու բնակչությանը․ վարկային ներդրումներն աճել են 123 մլրդով։
Սեյրան Սարգսյան - Տնտեսության բոլոր ճյուղերում վարկերն ավելացել են. սպառողականը, հիփոթեքը, արդյունաբերությունը, շինարարությունը:
Սարգսյանին լրագրողները հարց ուղղեցին՝ ճի՞շտ են լուերերը, թե հայաստանյան բանկերից մեկն այս ընթացում դուրս է եկել Արցախից։ Ասաց՝ որոշ տեղերում մասնաճյուղեր փակվել են, բայց ֆինանսական այն կառույցները, որ աշխատել են մինչև 2020-ը, հիմա էլ աշխատում են։
Սեյրան Սարգսյան - Չկա՞ որևէ բանկ, որ դադադեցրել է գործունեությունը. ոչ:
Հայաստանյան բանկերի կայունության ու սթրեսներին դիմակայելու ցուցանիշը, ի դեպ, պատմական ռեկորդ է սահմանել։ Ապրիլի դրությամբ բանկերի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը: