Սիրան Վիրաբյան (44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Վարդանյանի մայրը) - Ես երազը տեսել էի, որ Արտյոմս իր փոքր ախպորը բերեց, ասեց՝ մամա ախպերս ա: Մինչև իմ իմանալը, որ ես երեխա եմ սպասում:
Առողջական խնդիրներն էր բուժում տիկին Սիրանը. 44-օրյա պատերազմում միակ որդուն՝ Արտյոմ Վարդանյանին, կորցնելուց հետո ինքն ու ամուսինը նոր կյանք տալու որոշում էին կայացրել, բայց հույս գրեթե չկար:
Սիրան Վիրաբյան - Հերթական հետազոտման ժամանակ, երբ պետք ա գնայի հետազոտվելու, իմացա, որ բալիկի եմ սպասում: Դա աննկարագրելի էր. ես արտասվում էի, բժիշկներն էլ՝ ինձ հետ:
Արտյոմը 3 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Զոհվել է արկերի պայթյունից հոկտեմբերի 22-ին: Փոքրիկ Արենի անունն էլ, ըստ Սիրան Վիրաբյանի, երազում Արտյոմն է հուշել:
Սիրան Վիրաբյան - Ասում էր՝ մա՛մ, երեխայի անունը «Ար» տառերով կդնեք: Երազիս տեսա, որ ես հիվանդանոցից տուն էի գնացել, ինքն ուրախացել էր, որ ես տանն էի, ինքն ինձ համբուրում էր, ծիծաղելով Արեն էր կանչում:
Փոքրիկ Արենի հետ ամեն բան կարգին է, առողջական որևէ խնդիր չունի՝ չնայած ծնվել է ժամանակից մոտ մեկ ամիս շուտ:
Արսեն Սարգսյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ծննդատան վարիչ) - Վիրահատությունը հարթ ա անցել, բալիկի հետ ամեն ինչ նորմալ ա: Արական սեռի, 2940 գ քաշով, 46 սմ հասակով բալիկ ա:
Արենն այս ծննդատանը լույս աշխարհ եկած միակ փոքրիկը չէ, որ 44-օրյա պատերազմում ավագ եղբայր է կորցրել:
Արսեն Սարգսյան - 5-6 ունեցել ենք, մի էդքան ունենք հաշվառված: Նրանցից 2-ը ինքնուրույն են ծննդաբերել, 3 հոգին՝ էլի կեսարյան հատումով:
Կրտսեր որդուն գրկած՝ տիկին Սիրանն ասում է՝ կյանքը նորից շարունակվում է, ու խորհուրդ է տալիս որդեկորույս մայրերին՝ նոր կյանք պարգևել:
Սիրան Վիրաբյան - Թող բոլորն էլ ունենան, որովհետև սա վերածնունդ ա նորից, մենք պետք ա ուժեղ լինենք, նորից երեխաներ ունենանք, մեր ազգը շատացնենք ու մեր տղաների տեղը լրացնենք:
Հայրն առաջին անգամ է տեսնում որդուն: 40 և 43 տարեկանում 4-րդ անգամ են ծնող դարձել, տանը նրան սպասում են երկու քույրերը: