ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Հելսինկին մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթ։ Այդ մասին հայտնել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
Նա նշել է, որ Հելսինկին պատրաստ է ցանկացած իրավիճակի Ռուսաստանի հետ սահմանային գոտում, սակայն էսկալացիա չի ցանկանում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը Ֆինլանդիայի համար կարևոր հարևան է, որի հետ հարաբերությունները բարդացել են Ուկրաինայում իրավիճակի ֆոնին։
Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը և Մոսկվայի արձագանքը կախված կլինի երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացման աստիճանից։
ՆԱՏՕ-Ն ՌԴ-Ի ԴԵՄ ԱԳՐԵՍԻՎ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍԱԿԻ
Ֆինլանդիան և Շվեդիան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերներն են, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը՝ անդրադառնալով այդ երկու երկրի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։
«ՆԱՏՕ-ի հզորացումը ձեռնտու է Միացյալ Նահանգներին և նպաստում է մեր երկրի անվտանգության ամրապնմանը»,- նշել է Ջեն Սակին։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպես է Վաշինգտոնը վերաբերվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը ողջունում է ցանկացած երկրի՝ դաշինքին անդամակցելու ցանկությունը։
Ջեն Սակին նաև ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանական բնույթ ունեցող կառույց է և Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի։
ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ
«Ազովի» գնդից հայտնում են՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Կիևը ցանկանում է փաստաթուղթ ստորագրել արդյունաբերական գոտուց մարդկանց տարհանման ընթացակարգի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունների նոր փուլ է սկսվել․ գործընթացին ներգրավված են Կարմիր խաչը և ՄԱԿ-ը։
Պաշտոնյան հայտնել է նաև, որ Թուրքիան այդ բանակցություններում հանդես կգա որպես միջնորդ։
«Տարհանման գործողությունը կիրականացվի մի քանի փուլով, առաջինը՝ ծանր վիրավորների տարհանումն է»,- պարզաբանել է Վերեսչուկը։
Ավելի վաղ փոխվարչապետը տեղեկացրել էր, որ «Ազովստալ»-ում գտնվում է 1000 ուկրաինացի զինծառայող, նրանց շրջանում կան հարյուրավոր վիրավորներ, իսկ խաղաղ բնակիչներն արդեն ամբողջությամբ տարհանվել են։
Տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի և սպառնալիքները չեն վերանա առանց Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա կարծիքով՝ ուկրաինական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել դեռևս հնարավոր չէ Կիևի դիրքորոշման և Արևմուտքի հռետորաբանության պատճառով։
«Մոսկվան սպառել է իրավիճակը կարգավորելու դիվանագիտական բոլոր միջոցները մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը»,- նշել է Պոլյանսկին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակը տեղեկացրել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են, սակայն շատ դանդաղ և առանց էական արդյունքների։
ԿԻԵՎԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՊԵՏԴԵՊԻ ԲՅՈՒՋԵՆ
Միացյալ Նահանգները չպետք է «ջուրը գցի» և առանց հսկողության թողնի Ուկրաինայի համար նախատեսվող 40 միլիարդ դոլարի աջակցությունը։ Նման կարծիք է հայտնել հանրապետական սենատոր Ռենդ Փոլը, որն արգելափակել է Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծը։
Նա հանդես է եկել տեսչական հատուկ մարմնի ներդրման օգտին, որը կվերահսկի միջոցների բաշխումը:
«Մենք չենք կարող փրկել Ուկրաինան՝ կործանման դատապարտելով ԱՄՆ-ի տնտեսությունը»,- ասել է նա։
Սենատորի հաշվարկով՝ Կիևին օգնության ընդհանուր չափն անցյալ տարվա սկզբից ի վեր գերազանցել է Պետքարտուղարության բյուջեն, և այն չի կարող չհանգեցնել երկրում գնաճի։
Նշվում է, որ ԱՄՆ Սենատը կշարունակի Ուկրաինային աջակցության փաթեթի քննարկումը հաջորդ շաբաթ։