ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ՇՈԼՑ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Բեռլինի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը, որը, Կրեմլի ղեկավարի խոսքով, արգելափակվում է պաշտոնական Կիևի կողմից։
Առաջնորդները նաև անդրադարձել են հումանիտար հարցերի, «Ազովստալից» տարհանման հնարավոր գործողությանը: Պուտինը համոզմունք է հայտնել, որ ուկրաինացի ազգայնականները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։ Շոլցը, իր հերթին, Պուտինին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԱՌԱՆՑ ՎԵՐՋՆԱԳՐԵՐԻ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել և զրուցել Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց միջնորդների և վերջնագրերի։ Վոլոդիմիր Զելենսկին հավելել է նաև, որ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։
«Մոսկվայի հետ բանակցություններն օրեցօր բարդանում են: Ուկրաինական հասարակությունը 8 տարի է՝ ցանկանում է խոսել Մոսկվայի հետ և հիմա էլ դրական է գնահատում այդպիսի հնարավորությունը»,- ասել է նա իտալական Rai1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին։
«Մեզնից հետո ուրիշ նախագահներ են գալու, սերունդներ են փոխվելու։ Ամեն դեպքում, Ռուսաստանը Ուկրաինայի հարևանն է, մեր միջև սահմաններ կան։ Բայց պատերազմը դրանք վերածեց ոչ թե տարածքային, այլ պատմական սահմանների»,- եզրափակել է Զելենսկին։
ԵՄ-Ն ՇԱՐԺՎՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏՔԵՐՈՎ. ԼԱՎՐՈՎ
Այն, որ Եվրամիությանն անդամակցելու՝ Ուկրաինայի ցանկությունը վտանգավոր չէ, կասկած է հարուցում՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
«Հարկավոր է հաշվի առնել, որ ԵՄ-ն կառուցողական և տնտեսական հարթակից վերածվել է ռազմատենչ խաղացողի։ Եվրամիությունը շարժվում է ՆԱՏՕ-ի հետքերով»,- Սերգեյ Լավրովը նման կարծիք է հայտնել Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։
Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայի ղեկավարության հրապարակային հայտարարություններին՝ Մոսկվայի հետ շփումներում Կիևը հայտնում է իր պատրաստակամությունը՝ ընդունելու երկրի ոչ դաշինքային և չեզոք կարգավիճակը՝ համապատասխան երաշխիքներ ստանալու դեպքում։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է նաև, որ Մոսկվան և ՀԱՊԿ գործընկերները դեմ են Ուկրաինայում իրավիճակի ֆոնին Արևմուտքի միակողմանի գործողություններին, որոնք ուղղված են առևտրային և լոգիստիկ կապերի ոչնչացմանը։
ՊՈՒՏԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումից, սակայն դա անհնար է առանց նախապատրաստական աշխատանքների, հայտնել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դեռևս չկա հնարավոր խաղաղության փաստաթուղթ, որի հիման վրա Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին կարող են վերջնական պայմանավորվածության գալ։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մենք առաջնորդվում ենք նախագահ Պուտինի հրամանով․ նա ասել է, որ ուկրաինացի զինվորականները կարող են դուրս գալ, եթե վայր դնեն զենքը»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ՝ Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել էր, որ Կիևը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ արդյունաբերական գոտուց տարհանման ընթացակարգի վերաբերյալ։ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Թուրքիան այդ բանակցություններում հանդես կգա որպես միջնորդ։ Նա տեղեկացրել է, որ «Ազովստալ»-ում գտնվում է 1000 ուկրաինացի զինծառայող, նրանց շրջանում կան հարյուրավոր վիրավորներ, խաղաղ բնակիչներն արդեն ամբողջությամբ տարհանվել են։
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՌԴ-Ի ԴԵՄ
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները կշարունակեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի և ռուսական նավթի էմբարգոյի մասին քննարկումները մայիսի 16-ին, քանի որ դեսպանների մակարդակով որոշում կայացնել չի հաջողվում։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Սահմանափակումների նոր փաթեթի հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամների համաձայնությունը, սակայն որոշ երկրներ դեմ են ռուսական նավթի մատակարարումներից հրաժարվելու նախաձեռնությանը։
Դիվանագետը հայտնել է նաև, որ Ուկրաինային աջակցությունը շարունակվում է։
«Հայտարարում եմ Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին․ այսպիսով՝ մեր աջակցությունը կազմում է արդեն 2 միլիարդ եվրո»,- նշել է Բորելը, հավելել՝ այդ փաթեթի շրջանակում Կիևը ծանր զրահատեխնիկա կստանա։
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԷ ՆԱԽԱԳԱՀԸ
73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը:
2014 թվականին պետության ղեկավարը կաթված է տարել, ինչից հետո հազվադեպ էր հայտնվում հանրության մեջ։ Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնը նա զբաղեցնում էր 2004 թվականից։
Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանի մահվան կապակցությամբ երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։ Պաշտոնական հաստատություններն այդ ընթացքում փակ կլինեն։ Մասնավոր հատվածի աշխատանքը դադարեցվել է երեք օրով։