ԶԵՂՉԵՐ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ՝ ՔԱՐՏՈՎ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Լավ լուր կեսաթոշակառուների համար: Սուպերմարկետներում, դեղատներում, խանութներում իրենց թոշակի քարտով առևտուր անող քաղաքացիներն առաջիկայում զեղչեր կստանան: Նախագիծը գրեթե պատրաստ է, Կառավարության նիստին կներկայացվի հաջորդ շաբաթ, բայց մինչև այդ վարչապետը հայտնեց լուրն ու անկանխիկ գնումների համակարգ ունեցող բիզնեսին կոչ արեց միանալ սոցիալական պատասխանատվության այս նոր մոդելին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այդ առևտրի տվյալների վերլուծության արդյունքում մենք կկարողանանք առավել արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների և փորձել այդ կետերը ավելի հասցեական ձևով հասանելի դարձնել:
Պետություն-մասնավոր համաֆինանսավորման շնորհիվ մինչև 10 տոկոս զեղչ կամ հետվճար՝ քեշբեք կկիրառվի, որը թոշակառուն նորից կարող է օգտագործել: Փաշինյանը հույս ունի՝ այն կսկսի գործել արդեն հունիսի կեսերից, երբ ուժի մեջ կմտնի նաև կանխիկի սահմանափակման մասին օրենքը:
Նիկոլ Փաշինյան - Եթե շատ ուղիղ ասենք՝ խոսքը թոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ՝ 4 ՄԼՐԴ 750 ՄԼՆ ԴՐԱՄ
Մանրամասներն արդեն հաջորդ հինգշաբթի, իսկ այս նիստին գործադիրը 4 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգման, նախագծման ու տեխնիկական հսկողության համար: 7-ը սկսել էին դեռ 2021-ին, մնացել են ավարտական աշխատանքները: Խոշորներից Մ2-ում Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածն է, Սարավան-Սարալանջի 16,9 կմ-ը: Սյունիքում էլ հիմնանորգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13,1 կմ-ը, Գեղարքունիքում՝ Մարտունի-Աստղաձոր 5,9 կմ-անոց հատվածը: Այս տարվա ծրագրով էլ Վայոց ձորում Նորավանքի հուշարձանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8,1 կիլոմետրն է հիմնանորոգվելու, Արարատում՝ Բերդիկ-Այգեստանը, Այգավան-Եղեգնավանը:
Նիկոլ Փաշինյան - Եվ սկսում ենք հիմա նախագծային աշխատանքները Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցումը. Սյունիքում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապրահի շրջանցման մասին է:
Սյունիքում հիմնանորոգումները մեծ ծավալով են ընթանում, լուծվում նաև դեպի մարզ տանող ճանապարհների որակի խնդիրը՝ նշեց Փաշինյանը: Սահմանված ուղենիշներն էլ Սանոսյանը ներկայացրեց:
Գնել Սանոսյան (ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մեր պլանն այնպիսին է, որ մինչև տարեվերջ Մ2-ից վարորդները կարողանան ուղևորվել Նորավանով, Լծենով դեպի Տաթև: Մենք այդտեղ 2 հատված ունենք, մեկը հայտնի Տաթև-Լծենն է, որը 19,9 կմ է, մեծ ծավալի խոշոր շինարարական աշխատանք է: Այնտեղ 19,9-ից 15,7 կմ-ում ամբողջ հողային աշխատանքներն արված են, նախապատրաստվում ենք ասֆալտապատման:
Վերջնական՝ եռաշերտ ասֆալտ կլինի, Լծենից դեպի Շամբ հատվածում էլ, ըստ Սանոսյանի, շուտով կունենան մրցույթի հաղթողին, ու 6 կմ-ի վրա կսկսվի շինարարությունը: Արդյունքում՝ Մ2-ում Սիսիանից մինչև Տաթև նոր ճանապարհը կշրջանցի ձորի ոլորանները: Հարավային մարզում այս նախագծերով ձևավորվող խիտ ճանապարհային ցանցը նաև սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն կունենա՝ նկատեց վարչապետը, հիշեցրեց՝ առաջիկայում կբացվեն նաև Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի մրցութային փաթեթները:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Գործադիրն այսօր հաստատեց նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Նախարար Անդրեասյանը նախագիծը դասեց պետության կարևոր փաստաթղթերի հնգյակում: 3 տարվա ընթացքում ախտորոշվել են խնդիրները, տրվել են լուծումներ 4 հիմնական ուղղությամբ՝ հանրային ծառայությունների բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարում, ինստիտուցիոնալ արդիականացում, քաղաքականություն ընդունելու ռազմավարական մոտեցում:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Օրինակ՝ պարգևատրումների կարգը այսօր որոշ դեպքերում դարձել է աշխատավարձի հավելավճար: Դա պետք է, որովհետև, հակառակ դեպքում, ուղղակի չենք ունենա հանրային պետական ծառայողներ, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է հասկանանք և գտնենք ձևերը: Այս ռազմավարությունը հստակ տալիս է այդ լուծումները, թե ինչպես պարգևատրել, ինչպես խրախուսել իսկապես արժանավորներին, և ինչպես կարողանալ հետաքրքիր դարձնել պետական հանրային ծառայությունը՝ մասնավորի հետ մրցակցության պարագայում:
Պետական համակարգի աշխատանքը համեմատելով մեքենայի հետ՝ վարչապետն էլ նկատեց՝ դրա մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն նաև ավել է բենզին ծախսում, շրջադարձների դեպքում խնդիրներ առաջացնում: Ըստ նրա՝ հանրային կառավարման բարեփոխումները միտված են քաղաքացիների կյանքը ավելի հարմարավետ դարձնելուն:
Նիկոլ Փաշինյան - Սա շատ մեծ, ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ դա հետևողականորեն կանենք:
45 էջանոց փաթեթը կյանքի կկոչվի 3 փուլով՝ մինչև 2030 թվականը: Վերահսկողությունը փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակը կիրականացնի:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - ռազմավարությունը միայն պետական մեքենայի լավարկման մասին չէ, որովհետև դա ուղղակի ազդեցություն ունի տնտեսության վրա, սոցիալական ոլորտում և ամենալուրջ ազդեցությունն ունի հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար:
Օրակարգային վերջին զեկուցվող հարցով էլ փոփոխվելու է քրեակատարողական համակարգը: 18 տարի առաջ ընդունված օրենքից, ըստ նախարարի, դուրս են մնալու խորհրդային հասկացությունները, օրինակ՝ բանտային ռեժիմների տեսակները: Բացի, կիսաբացի, կիսափակի, փակի և բուժականի փոխարեն անվտանգության 3 գոտի կլինի՝ ցածր, միջին և բարձր ռիսկայնության:
Կարեն Անդրեասյան - Մարդիկ, որոնք հայտնվելու են քրեակատարողական հիմնարկներում, նրանց բաշխումը լինելու է կատարած հանցանքների հետ կապված, բայց հետագայում նաև վարքագծի հետ կապված լինելու են վերափոխումներ: Սա վերասոցիալականացման առումով շատ ավելի առողջ մոդել է:
Նոր երեք գոտիներին կհարմարեցվի նաև բուժական հիմնարկը, յուրաքանչյուր ազատազրկվածի համար էլ անհատական պլան կկազմվի: Կարեն Անդրեասյանը նաև տեղեկացրեց՝ մյուս շաբաթ պատրաստ կլինի Երևանում կառուցվելիք նոր քրեակատարողականի մանրակերտը, ու հավանություն ստանալուց հետո կսկսվի շինարարությունը: