Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջև դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի կնքմամբ հնարավորություն կընձեռվի ծավալելու առավել սերտ համագործակցություն բարձրացնելու հանցավորության դեմ պայքարը` դատական փորձաքննության և քրեագիտության ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման հիման վրա, ինչպես նաև իրականացնել դատափորձագիտական գործունեության և քրեագիտության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակում:
Հավանություն է տրվել 2021 թ. հոկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թ. հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով սահմանվում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների (ԱՏԳ) ստեղծման, գործունեության կարգը և ժամկետները:
Դրա նպատակն է նպաստել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը: Համաձայնագրով սահմանվում է ԱՏԳ-ի ռեզիդենտների գրանցումը և ԱՏԳ-ի ռեզիդենտների ռեեստրի վարումը, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի ընդհանուր դրույթները և ձևակերպման պայմանները:
Արձանագրությամբ նախատեսված մյուս փոփոխությունները վերաբերում են ազատ տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկություններին, համաձայնագրում փոփոխությունների կատարման և վեճերի կարգավորման գործընթացներին։
Արձանագրությունն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության միջև: