Ի՞նչ խնդիրներ ունեն մթերողները, ի՞նչ կարելի է անել, որ արտադրող-մթերող շղթան անխափան գործի, ինչպե՞ս կազմակերպել բերքի վաճառքը, որ գործընթացը սահուն ընթանա: Նմանատիպ հարցեր էին քննարկում Արմավիրի մթերող ընկերությունների ներկայացուցիչները՝ մարզի ղեկավարության հետ:
«Արմավիր ֆրուտ» ընկերությունը, օրինակ, առաջարկում է պլանավորել գյուղատնտեսությունը, և օգնել ֆերմերներին, որ մշակությունը գրագետ կազմակերպեն:
Հայկ Մանուկյան («Արմավիր ֆրուտ» ՍՊԸ տնօրեն) - Գյուղացին բերքը ճիշտ մշակելու և ժամանակին գործարան հասցնելու խնդիր ունի: Բերքահավաք չեն կարողանում անել, որովհետև մարդկային ուժի կարիք են ունենում, այդ պատճառով կա՛մ շուտ է հավաքում բերքը, կա՛մ ուշ, իսկ դա մեր արտադրության համար խնդիր է:
Գինի-օղի արտադրող ընկերությունն էլ, որ շուկայի նոր խաղացողներից է, արտահանման խնդիր ունի: Տեղացի սպառողն արդեն հասցրել է սիրել Ջրաղացպանյան ընտանիքի արտադրած մրգօղիները, բայց ընկերությանը դա չի բավարարում. ուզում է միջազգային շուկա դուրս գալ՝ վստահ լինելով, որ իր արտադրանքը մրցունակ է:
Արտաշես Ջրաղացպանյան (JRAGHATSPANYAN WINERY ՍՊԸ տնօրեն) - Եվրոպական և այլ երկրներում ճանաչելիության խնդիր կա: Այս պահին Ռուսաստաում մեծ պոտենցիալ կա շուկայի նոր ուղիներ գտնելու առումով: Փորձում ենք գործընկերներ գտնել:
Կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը: Եվ որպեսզի հայտ ներկայացրած որևէ ընկերություն դուրս չմնա ծրագրից, էկոնոմիկայի նախարարությունը, խաղողի մասով պայմանագրերի կնքման վերջնաժամկետ է սահմանել հունիսի 1-ը: Խաղող մթերող ընկերություններում այդ ժամկետին համաձայն չեն: Ասում են՝որքան մոտ լինի մթերման սեզոնին, այնքան կանխատեսելի կլինի գնող կողմի համար: Իսկ վաճառողը հստակ կիմանա՝ որքան խաղող է հանձնում:
Մակար Պետրոսյան (ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրեն) - Գյուղացին, եթե պայմանագիր է կապում, խաղողի քանակ ասում, դա շատ հարաբերական թիվ է: Պետք է գա մթերման ժամանակ, որ ավելի պարզ իմանանք՝ էն պայմանագրերով, որ կապել ենք գյուղացու հետ, արդյոք կարող են այդքան խաղող վաճառել մեզ:
Չի բացառվում, որ շահառուները պայմանագրեր կնքեն, օգտվեն վարկավորումից, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողանան կատարել պարտավորությունները:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Սա նպատակ է հետապնդում նախապես տեսանելի դարձնել մթերվող ծավալը, վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ և պետական ծրագրի նպատակային իրագործման մասով տեսանելի դաշտ ստեղծել: Ծանրակշիռ է Կառավարության սուբսիդավորող մասը, մինչև 2 տոկոս է բեռը մնում տնտեսվարողի վրա:
Որոշ ընկերություններում արդեն պայմանագրեր են կնքվում, որոշներում էլ կսկսեն մայիսի 5-ից: Իսկ մթերողները հույս ունեն, որ Կառավարությունը կվերանայի վերջնաժամկետը՝ հունիսից տեղափոխելով մթերման շրջանին ավելի մոտ: