ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և մեր երկիրը պատրաստ է զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՌԴ-ն նաև սպորտի բնագավառում է համարվում գերտերություն, ուստի այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ունի կարևոր նշանակություն:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև սպորտի մասսայականացման կարևորությունը և այդ նպատակով մեր երկրում անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշարեր տարբեր մարզաձևերում:
Օլեգ Մատիցինը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:
Մասնավորապես, քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: