Կենտուկիի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը արգելափակել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Ուկրաինային ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնություն հատկացնելու մասին օրինագծի հաստատումը: Այդ մասին հայտնում է nbcnews-ը։
Նա բացատրել է, որ Վաշինգտոնն այժմ չի կարող կենտրոնանալ Ուկրաինայի վրա՝ անտեսելով սեփական տնտեսության խնդիրները։ Սենատորը նշել է, որ Կոնգրեսը պետք է ուշադիր ուսումնասիրի այն ծախսերը, որոնք գանձարանը կկրի նախաձեռնության ընդունման դեպքում։ Սենատորը նաև մատնանշել է, որ այժմ ԱՄՆ-ի համար ամենամեծ վտանգը պետական պարտքն է, գնաճը և դոլարի անկումը, ուստի ներկա պայմաններում Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ ստանձնել ժանդարմի դերն աշխարհում։
Բացի դրանից՝ խորհրդարանականը փորձել է փոփոխություններ նախաձեռնել օրինագծում, որը նախատեսում է դաշնային վերահսկողություն Ուկրաինայի համար միջոցների բաշխման նկատմամբ։ Սակայն այն մերժել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին արձագանքել է սենատորի որոշմանը՝ ասելով, որ ԱՄՆ վարչակազմը կոչ է անում Սենատին՝ հնարավորինս արագ կողմ քվեարկել Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին օրինագծին։