Շվեդիան և Ֆինլանդիան վստահեցնում են, որ իրենց անդամակցությունը Հյուսատլանտյան դաշինքին կկայունացնի իրադրությունը Հյուսիսային Եվրոպայում։ Այդ պետությունների՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը պաշտպանում են Մերձբալթյան հանրապետությունները։
Լատվիան, Լիտվան և Էստոնիան կձգտեն «որքան հնարավոր է շուտ» վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, ինչը կամրապնդի նրանց անվտանգությունն ու ցանկացած հարձակումը հետ մղելու կարողությունը: Այդ մասին Բալթյան երկրների արտգործնախարարները հայտնել են Financial Times թերթին։
«Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծով»,- ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։ «Սա շատ հստակ ուղերձ է, որ Եվրոպայի հյուսիսային հատվածը դաշինքի տարածքն է»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Իտալացի դիվանագետ Ջուզեպպե Կասինին, սակայն, որը տարբեր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, աշխատել է որպես խորհրդական, ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ ներառելով Ֆինլանդիան և Շվեդիան, ռիսկային է համարում Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար։ Il Fatto Quotidiano թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ «չի տեսնում ռազմական պատճառներ, որոնք կարող են արդարացնել այդ երկրների ընդունումը»:
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գաղափարին դեմ է արտահայտվել նաև Էրդողանը։ Նա պատճառաբանել է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները «ակտիվ են սկանդինավյան այս երկրներում»:
Որպեսզի երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, անհրաժեշտ է այս դաշինքի անդամ բոլոր երկրների համաձայնությունը։
Ռուսաստանը, այնուամենայնիվ, համոզված է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել լարվածության աճի Եվրոպայում և մեծացնել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա առճակատման ռիսկերը։ Այս հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։