ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել: Այս մասին նշված է երկրի նախագահի և վարչապետի համատեղ հայտարարության մեջ:
«Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Հուսով ենք՝ որոշումը կկայացվի մոտ ապագայում»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր հայտերը կարող են հաստատվել դաշինքի՝ հունիսի 28-ին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ՕՐ 78-ՐԴ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության 78-րդ օրն է։ Երկրում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը։ Ուկրաինայի տարածքը լքել է շուրջ 6 միլիոն փախստական։ Ամեն օր երկիրը լքում է շուրջ 58000 մարդ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ Լեհաստանն ընդունել է 3,2 մլն փախստականի, Ռումինիան՝ մոտ 890 հազար, Հունգարիան՝ ավելի քան 570 հազար մարդու։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՁԳՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԲԱԽՄԱՆ. ՊԵՆՏԱԳՈՆ
Պենտագոնը չի կարծում, թե Ռուսաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախման մեջ մտնել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից պետություններից որևէ մեկի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը, ՆԱՏՕ-ն կպատասխանի նման գործողություններին։ Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտություն որևէ մեկը չի ցանկանում:
«ՆԱՏՕ-ն ունի շուրջ 2 մլն զինծառայող, ունի ամենաժամանակակից թռչող սարքեր, նավեր, ցամաքային ուժեր և տեխնիկա: Ուստի նման բախման պետք չէ գնալ: Էսկալացիան շատ արագ կարող է վերափոխվել այլ որակի մրցակցության, որը ոչ ոքի ձեռնտու չէ»,- եզրափակել է Օսթինը:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ՝ ԿԻԵՎԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վաշինգտոնը կանոնակարգ է մշակել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը։ Որոշումը կայացվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումից խուսափելու համար։
Կանոնակարգով երկու արգելք է սահմանվում․ ԱՄՆ-ն չի կարող Ուկրաինային տրամադրել այնպիսի տեղեկատվություն, որը կօգնի Կիևին հարվածել ռուսական թիրախների Ուկրաինայի սահմաններից դուրս, երկրորդ՝ ոչնչացնել ռուսական հրամանատարության ներկայացուցիչներին։
Կիևի և Վաշինգտոնի միջև հետախուզական գործակցությունն այժմ ենթադրում է տեղեկությունների տրամադրում ռուսական զորքերի տեղաշարժի մասին։
ՌԴ-Ն ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՇՈԼՑ
Տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, Կիևի և Մոսկվայի միջև բանակցային գործընթացում վերջին զարգացումները։ Շոլցը նաև իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկի մահվան կապակցությամբ։
Կանցլերը վերահաստատել է Բեռլինի դիրքորոշումը՝ Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի զորքերը Ուկրաինայի տարածքից՝ այդպիսով վերականգնելով երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Երկու երկրի առաջնորդներն անդրադարձել են նաև Կիևին հետագա աջակցության գործնական հնարավորություններին։
ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ. ՀՈՒՆԳԱՐԻԱ
Հունգարիան պատրաստ է աջակցելու ռուսական նավթի ներմուծման արգելքին, եթե Եվրահանձնաժողովը այլընտրանքային տարբերակներ առաջարկի՝ հայտարարել է երկրի ԱԳ արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ նշելով՝ Բրյուսելը դեռ համապատասխան առաջարկներ չի հնչեցրել։ Նախարարի խոսքով՝ էմբարգոն չպետք է տարածվի նավթամուղով Հունգարիա եկող նավթի մատակարարումների վրա։ «Դա հավասարազոր է տնտեսական ատոմային ռումբի: Հունգարիայում վառելիքի գները կբարձրանան 55-60 տոկոսով, բոլոր ապրանքները կթանկանան։ Երկիրը չի դիմանա»,- հավելել է Սիյարտոն։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելել էր Հունգարիա՝ վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկելու հակառուսական պատժամիջոցների հարցը։ Նա հայտարարել էր բանակցություններում առաջընթացի մասին։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎԻ. ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Ճապոնիան և ԵՄ-ն շարունակում են պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցությունը չի դադարեցվի։
Նրա խոսքով՝ Ճապոնիան և ԵՄ-ն պայմանավորվել են ընդլայնել գործակցությունը ասիական և աֆրիկյան երկրների հետ՝ Ուկրաինայում իրավիճակի ֆոնին հումքի գների կտրուկ աճի հարցում։ Կողմերը նաև հանդես են գալիս անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցության ամրապնդման և միջուկային զենքի չտարածման օգտին։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ
Հյուսիսային Կորեայում հայտնաբերել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Իշխանությունները երկրի ողջ տարածքում լոքդաուն են հայտարարել։
«Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել արտակարգ իրադարձություն, ճեղքվել է հակահամաճարակային ճակատը, որը հուսալիորեն պաշտպանվում էր 2 տարի և 3 ամիս՝ 2020 թվականի փետրվարից»,- ասված է երկրի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ։
Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ուժեղացնել հսկողությունը երկրի սահմաններին՝ համավարակի տարածումը կանխելու համար։