ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-12-ը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը:
Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական և կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները:
Lիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական աճի խթանմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին և գործարար միջավայրի ամրապնդմանը:
Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ-ի ենթակառուցվածքների, Եվրասիայի, կայուն ենթակառուցվածքների խմբի վարչության տնօրեն Եկատերինա Միրոշնիկի և ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կասպար Վելդկամպի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները և առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերին:
Կողմերը կարևորել են ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ուրվագծել հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Նախարար Խաչատրյանն այցի ընթացքում հանդիպել է նաև «Միցուբիսի Յու Էֆ Ջեյ ֆինանսական խումբ» բանկի ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի հետ բանկի համագործակցության հնարավորությունները: