Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Գերմանիա կատարած այցի ժամանակ։
Նա նախազգուշացրել է, որ էսկալացիայի դեպքում Կիևը պատասխան հարված կհասցնի։ «Ռուսաստանը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, նրանք մտադիր են շարունակել ռազմական գործողությունները»,- նշել է Կուլեբան։
Ուկրաինայի գլխավոր դիվանագետի կարծիքով՝ իր երկրին հաղթելու համար մի քանի գործոն է անհրաժեշտ՝ ճկունություն, հաստատակամություն և մարտունակություն, անհրաժեշտ զենքի մատակարարումներ և հակառուսական պատժամիջոցներ։ Նա խոստովանել է նաև, որ երկրի տնտեսությունը զգալիորեն տուժել է ռազմական գործողությունների հետևանքով։
«Ռուսական ռազմամեքենան անհնար է կանգնեցնել, քանի դեռ Եվրոպան ռուսական նավթ ու գազ է գնում»,- ասել է Կուլեբան։
Անդրադառնալով Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին՝ Կուլեբան հայտարարել է, որ Բեռլինը պետք է առաջատար դեր ստանձնի այդ գործում:
«Ուկրաինայի համար միակ ընդունելի տարբերակը թեկնածուի կարգավիճակ ստանալն է։ Մենք այլևս չենք ցանկանում կիսատ որոշումներ կայացնել: Այս պատերազմը վերջին ութ տարվա ընթացքում բոլոր կողմերի, այդ թվում՝ մեր կիսատ որոշումների արդյունքն է»,- նշել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը։