Տևական լռությունից հետո Ջանֆիդայի մանկապարտեզը նորից լցվեց երեխաների աղմուկով: 52 տարի առաջ կառուցված ու նախկինում երբևէ չնորոգված պարտեզը հիմնանորոգվել է և վերաբացվել: Շինաշխատանքներին օգնել են նաև ջանֆիդացիները:
Մանկապարտեզը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով: Բյուջեն ավելի քան 91 մլն դրամ է: Պետությունը մասնակցել է 65, համայնքը՝ 35 տոկոսով: Առաջին մասնաշենքում փոխել են տանիքը, դռներն ու պատուհանները, բետոնապատել ու սալարկել են հատակը, նորոգել աստիճանները, կառուցել բաց պատշգամբ: Ճաշարանը, 3 խմբասենյակն ու սանհանգույցները ևս նորոգված ու կահավորված են:
Ալլա Մարգարյան (Ջանֆիդայի մանկապարտեզի տնօրեն) - Գույքը տրամադրել է FCN բարեգործական կազմակերպությունը, ունենք նաև գյուղից բարերարներ, որ 120 երեխայի համար սպասք են տրամադրել:
Շենքը նախատեսված է 200 երեխայի համար, բայց քանի որ համայնքը միայն առաջին մասնաշենքի նորոգման հայտ էր ներկայացրել, երկրորդ մասնաշենքը դուրս է մնացել ծրագրից: Հերթագրված 157 երեխայից մանկապարտեզ են ընդունել 120-ին. մնացածի համար տեղերը չեն բավարարել: Ջանֆիդայի վարչական ղեկավարը հավաստիացնում է՝ երկրորդ մասնաշենքի շինարարությունը շատ չի ուշանա:
Ղազար Ղորղանյան (Ջանֆիդայի վարչական ղեկավար) - Երկրորդ մասնաշենքը սարքելու համար մոտ մեկ տարի ժամանակ էր պետք, թող երեխաները հիմա հաճախեն, մնացածը կկարգավորենք:
Արմավիրում նոր մանկապարտեզներ էլ են կառուցվում: Ընթացքի մեջ են նաև նախորդ տարվանից սկսած մի շարք կառույցների աշխատանքները: Դեռ շատ ժապավեններ ենք կտրելու՝ ասում է մարզի կրթության, մշակույթի և սպորտի պատասխանատուն:
Սոնյա Բուդաղյան (Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Սուբվենցիայով զրոյից կառուցվում է երեք մանկապարտեզ Գայ, Զարթոնք և Արևաշատ համայնքներում, ունենք նաև 10 մանկապարտեզ, որոնց նորոգման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Մոդուլային մանկապարտեզ է կառուցվում Արևիկում, որն ավարտական փուլում է, ևս 5 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի:
Համայնքներ կան, որտեղ նախադպրոցական ծառայություններ դեռ չեն մատուցվում՝ պայմաններ չլինելու պատճառով: Մարզի ղեկավարությունն ուղիներ է փնտրում դրանք ներառելու տարբեր ծրագրերում: