Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Կիպրոսի ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով ներկաներին ներկայացրել է Կիպրոս իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձել է իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռնարկներին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Կիպրոսի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում կիպրահայության կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին։
Հանդիպմանն ներկա են եղել Կիպրոսի խորհրդարանի պետական Ներկայացուցիչ Վարդգես Մահտեսեանը, Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարտին Մինասյանը, Նիկոսիայի հոգևոր հովիվ՝ Տ. Մոմիկ Քհն. Հապեշեանը, թեմի Պատգամավորական ժողովի ատենապետն ու անդամները, Ազգային վարչության ատենապետն ու անդամները, կառույցների, կուսակցությունների, կրթական, մշակութային, մարզական միությունների ատենապետները, ներկայացուցիչները և անդամները, «Նարեկ» վարժարանի հոգաբարձության ատենապետը, անդամները, տնօրենուհին և տեղական հայկական մամուլի խմբագիրները։