Գրիպն ու սուր շնչառական վարակները Հայաստանում դեռևս մտադիր չեն նահանջել: Բժիշկ- համաճարակաբանը հիշեցնում է՝ մեր երկիրը դեռևս գտնվում է սեզոնային սուր շնչառական վարակների ակտիվության շրջանում:
Եվգենյա Խաչատրյան (ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան) - Վերլուծության արդյունքում, մշտադիտարկման, որ իրականացնում ենք, պարզ է դարձել, որ նախորդ շաբաթվա համեմատ ունենք աշխուժացում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել՝ այս պահին սուր շնչառական վարակների համար խոցելի խումբ են համարվում երեխաները:
Եվգենյա Խաչատրյան - Դիմելիությունը հիմնականում արձանագրվում է 0-7 տարեկանների շրջանում, առավել շատ 0-4 տարեկանների շրջանում է:
Առավել բարձր ակտիվություն նկատվել է Երևանում ու Արարատի մարզում: Մասնագետի գնահատմամբ՝ պատճառը բնակչության խտությունն է:
Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում, գրիպից բացի, այլ սուր շնչառական վարակներ են հայտնաբերվել: Կրկին առավել խոցելի են երեխաները:
Համաճարակաբանը հորդորում է՝ հատկապես երեխաների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել ու դիմել բժշկի:
Եվգենյա Խաչատրյան - Մետապրմովիուս, ռոսպերոտոր և վինովիրուս. սրանք այն շնչառական վարակներն են, որոնք ավելի շատ ախտահարում են երեխաների վերին շնչուղիները, բայց նաև կարող են անցնել ստորին շնչուղիներ, որոնք բարդացնում են երեխաների վիճակը:
«Քանի դեռ սուր շնչառական վարակների սեզոն է, կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է, իսկ պատվաստանյութն առկա է բոլոր պոլիկլինիկաներում»,- ասում է բժիշկն ու խորհուրդ տալիս հատկապես փակ տարածքները հաճախ օդափոխել:
Բժշկի խոսքով՝ տաք հագուստը դեռևս պահել պետք չէ. եղանակը խաբուսիկ է, սուր շնչառական վարակների համար՝ հարմար:
Հեղինակ` Անի Օհանյան