«Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած հերթական որոշումը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, «Նուբարաշենում», դատապարտյալները պահվել են անմարդկային պայմաններում՝ ասում են ոլորտի փորձագետները՝ հղում անելով մայիսի 3-ի վճռին: Խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը Եվրոպական դատարան էր դիմել 2015-ին՝ պնդելով, որ խախտվել են իր իրավունքները: Ստրասբուրգի դատարանն ի վերջո արձանագրել է, որ նա պահվել է անմարդկային պայմաններում ու պարտավորեցրել է Հայաստանին 3900 եվրո փոխհատուցում վճարել հայտատուին: ՄԻԵԴ-ում Ավետիսյանի իրավունքների պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասում է՝ սա այն է, ինչ իրենք փորձում էին ապացուցել ներպետական ատյաններում ու կանխել խոշտանգման դեպքը:
Ռոբերտ Ռևազյան (ՄԻԵԴ-ում Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների պաշտպան) - ՄԻԵԴ-ը արձանագրել է ոչ միայն բնակելի տարածքի փոքր լինելը, մենք նաև նշել էինք, որ այնտեղ ծխում են, միջատներ կան, որ օդափոխությունը բավարար չէ, ու նման խնդիրներ, ու ՄԻԵԴ-ը դրան էլ է անդրադարձ կատարել, որ դա նույնպես անմարդկային վերաբերմունք է:
Եվրոպական դատարանի վճռում փաստվել է, որ կալանքի ընթացքում Ավետիսյանը երկու՝ 21.9 քմ և 18,6 քմ մակերեսով խցերում պահվել է 7-10, երբեմն՝ 12 մարդու հետ: Ստացվել է, որ նա ունեցել է 3 քմ-ից պակաս բնակելի տարածք, որը երբեմն հասել է անգամ 1.5-ից մինչև 2.7 քմ-ի: Իր եզրահանգման համար ՄԻԵԴ-ը որպես հիմք է ընդունել նաև քրեակատարողականներում դիտորդական խմբի զեկույցը: Ի տարբերություն դրա, Կառավարության պատասխանը հիմնավորված չի եղել՝ նշեց Ռևազյանը: Դիտորդական խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հիմա էլ իրավիճակը ցանկալիից հեռու է, խոսքը հատկապես հացադուլավորների խցերին է վերաբերում:
Զարուհի Հովհաննիսյան (ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ) - «Նուբարաշեն» ՔԿՀ-ն մնում է մեր առաջնային դիտակետերից մեկը, որ այդտեղ շատ խնդրահարույց է մարդկանց պահելը, չնայած պետությունը մեծ ռեսուրս դրեց՝ հենց նոր տեղափոխված դատապարտյալներին այնտեղ պահելու համար:
Իրավապաշտպանը նման վճիռները կարևորում է իրավունքի զարգացման տեսանկյունից: Ընդունելով, որ «Նուբարաշենում» պայմանների անմխիթար են, արդարադատության նախարարության պաշտոնյան նշում է՝ այլևս գերբնակեցման խնդիր չկա, 10 ՔԿՀ-ներում, որոնք նախատեսված են 4500-ի պահման համար, այժմ գտնվում է մոտ 2200 անձ:
Միշա Խուդավերդյան (ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ) - Եվրոպայի խորհրդի 2021 թ. քրեական վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ն մի շարք ցուցանիշներով՝ բանտային խստության, զբաղեցնում է եվրոպական երկրների մեջ լավագույն հորիզոնականները:
Խուդավերդյանը հիշեցրեց, որ նախատեսվում է փակել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ները, նաև «Դատապարտյալների հիվանդանոցն» ու դրանց փոխարեն կառուցել նոր շենք: Ընտրված տարածքում այժմ երկրաբանական հետազոտություններ են կատարվում:
Միշա Խուդավերդյան - Կարծում եմ, որ այս տարի արդեն կունենանք նախնական պլանը, թե ինչ տեսք կունենա նոր հիմնարկը, և ֆինանսական կողմը լուծելուց հետո շինարարական աշխատանքները կսկսվեն, 3-4 տարվա ընթացքում կկառուցվի նոր ՔԿՀ:
Իրավապաշտպանների խոսքով՝ սակայն, կարիք կա բարելավելու նաև գործող օրենսդրությունը, քանի որ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հայցով գործերը քննվում են վարչական դատարանում, երբեմն՝ տարիներով: Նման գործերով պետք է ժամերի ընթացքում որոշում կայացնել, ու դատարանը պետք է ունենա հրատապ միջոց կիրառելու իրավունք՝ շեշտեց Ռևազյանը: