Աշոտ Սարկիսով (փոխծովակալ, գիտնական, ռազմական գործիչ, ՌԳԱ ակադեմիկոս) - Հաղթանակի օրը ես դիմավորեցի Լենինգրադում, ուր մեկնել էի ուսման հրավերով, չնայած մեզ համար պատերազմն ավարտվել էր մայիսի 9-ից մոտ մեկ ամիս առաջ: Աննկարագրելի ուրախություն էր, որ ավարտվեց Հայրենական պատերազմի ծանր, երկարատև էպոպեան: Հպարտ եմ, որ իմ համեստ ներդրումն եմ ունեցել այդ հաղթանակում:
Մոտ 4 տասնյակ մրցանակների ու շքանշանների դափնեկիր, ատոմային էներգետիկայի ոլորտում զգալի հաջողություններ գրանցած Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ, պատերազմի վետերան Աշոտ Սարկիսովը հիշում է՝ 77 տարի առաջ ինչպես ստացավ հաղթանակի մասին լուրը: Երկամսյա արագացված համազորային պատրաստությունից հետո կռվել էր Կարելիայի ճակատում ծովային հետևակի ուժերի կազմում, մասնակցել Խորհրդային Միության հյուսիսարևմտյան շրջանների և Նորվեգիայի քաղաքների ազատագրման մարտերին։
Աշոտ Սարկիսով - Հաղթանակի օրը ինձ՝ որպես պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը վերապրած մարդու համար կյանքիս գլխավոր տոնն է, և շքանշաններով զարդարված իմ համազգեստը հագնում եմ միայն այդ օրը:
Փոխծովակալ-ակադեմիկոսը այսօր էլ հագել է իր պատվավոր համազգեստը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր ընդունելությանը, որին ներկա են նաև ՌԴ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ՀԱՊԿ և այլ կառույցների ներկայացուցիչներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ և ռազմական կցորդներ, պատերազմի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային և հայ ականավոր զորավարների երեխաներն ու թոռները: Մարշալ Բաղրամյանի թոռներից Իվան Բաղրամյանը պատմում է՝ պապը ուշադիր, վճռական և արդար մարդ էր, նրա ձեռքերում է մեծացել:
Իվան Բաղրամյան (մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռը) - Պատերազմից հետո այդ ժամանակ նա Բալթյան ռազմական օկրուգի հրամանատարն էր: Ծնողներս Մոսկվայում էին աշխատում, այնպես որ, ողջ մանկությունս պապիս ու տատիս հետ է անցել: Երջանիկ մարդ եմ, որ շփվել եմ նրա հետ: Նա արտասովոր անձնավորություն էր: Չնայած հասարակ՝ հայ երկաթուղային բանվորի ընտանիքում էր ծնվել, բայց մեծ գիտելիքներ ուներ:
Ընդունելությանը ողջույնի խոսքում Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հատուկ ընդգծեց թիկունքի դերը պատերազմի տարիներին՝ կարևորելով նաև խորհրդային ժողովրդի սխրանքի մասին հիշողության պահպանումը երիտասարդ սերնդի մոտ։
Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Խորհրդային բանակի և միութենական երկրների բանակների կազմում հայ ժողովրդի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ նշանակալի ներդրում են ունեցել մարդկությանը ֆաշիզմից փրկելու գործում: Պատերազմի տարիներին հայ ժողովրդի շատ զավակներ իրենց կյանքը տվեցին՝ ցուցաբերելով հերոսություն և անսասան նվիրվածություն։
Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները նույնպես բարձր են գնահատում հայ ժողովրդի ունեցած դերակատարումը ֆաշիզմի դեմ պայքարում և շեշտում՝ պատերազմի դաշտում երկու ժողովուրդների ամրապնդված եղբայրությունը շարունակվում և զարգանում է նաև այսօր:
Սերգեյ Պալտով (ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն) - Աշխարհում որևէ այլ պետության հետ Ռուսաստանը չունի այսքան սերտ կապեր, նույնիսկ Բելառուսի հետ չկա միացյալ զորքերի խմբավորում, իսկ Հայաստանի հետ ունենք: Գյումրիի 102-րդ բազան այսօր ամրապնդվել է նաև այն ուղղություններում, որոնք այսօր անհանգստացնում են հայկական կողմին, նկատի ունեմ Սյունիքի այն հատվածները, որտեղ անվտանգության խնդիրներ են առաջացել: Այնտեղ կանգնած են ոչ միայն զինվորականները, այլև սահմանապահները: Անգամ միայն իրենց ներկայությամբ նրանք զսպում են այն ուժերի ախորժակը, որոնք կարող են փորձել ոտնձգություն կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Միջոցառման շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով պարգևատրվեց ՌԴ պաշտպանության նախարարության «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Ընդունելությունը շարունակվեց դեսպանության մշակութային կենտրոնի պատրաստած ծրագրով, որը նվիրված էր խորհրդային և հայ զորահրամանատարներին ու պատերազմի մասնակիցներին: