ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հայտը կքննարկվի հունիսի վերջին՝ տեղեկացնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
«Կիևի հայտն այժմ ուսումնասիրում է Եվրահանձնաժողովը, այնուհետև այն կդիտարկի Եվրոպական խորհուրդը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Մայիսի 9-ին Կիևը Եվրամիությանն է փոխանցել կառույցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ հարցաշարի երկրորդ մասը։ Փաստաթղթի նպատակն է գնահատել ուկրաինական օրենսդրության համապատասխանությունը եվրոպականին և երկրում իրավական դաշտի ընդհանուր վիճակը։
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ՝ ԿԻԵՎԻ ՀԱՄԱՐ ՄԻԱԿ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ
Բեռլինը պետք է առաջատար դեր ստանձնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններում՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Գերմանիա կատարած այցի ժամանակ։
«Ուկրաինայի համար միակ ընդունելի տարբերակը թեկնածուի կարգավիճակի սրամադրումն է։ Մենք այլևս չենք ցանկանում կիսատ որոշումներ կայացնել: Այս պատերազմը վերջին ութ տարվա ընթացքում բոլոր կողմերի, այդ թվում՝ մեր կիսատ որոշումների արդյունքն է»,- նշել է նա։
Կուլեբայի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ և մտադիր է շարունակել ռազմական գործողությունները:
«Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը»,- նշել է նա և նախազգուշացրել՝ հետագա էսկալացիայի դեպքում Կիևը պատասխան հարված կհասցնի։
Ուկրաինայի գլխավոր դիվանագետի կարծիքով՝ իր երկրին հաղթելու համար մի քանի գործոն է անհրաժեշտ՝ ճկունություն, հաստատակամություն և մարտունակություն, անհրաժեշտ զենքի մատակարարումներ և հակառուսական պատժամիջոցներ։
Նա խոստովանել է նաև, որ երկրի տնտեսությունը զգալիորեն տուժել է ռազմական գործողությունների հետևանքով։
ԲՈԼՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՌԴ-ՆԱՏՕ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԻՑ. ՊԵՍԿՈՎ
Ռուս-ուկրաինական բանակցություններում հպարտանալու առիթ և հստակ զարգացումներ չկան՝ հայտնել է ՌԴ նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը գնահատել է նաև Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում էսկալացիայի հնարավորությունը։
«Բոլոր կողմերը ցանկանում են խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատումից։ Դրա մասին բազմիցս հայտարարել են Մոսկվայում, Վաշինգտոնում և Բրյուսելում»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, սակայն, ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայում անվտանգությանը։
«Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնում է մեր երկրի անվտանգությանը։ Մոսկվայի արձագանքը կախված կլինի Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացման աստիճանից»,- պարզաբանել է ՌԴ նախագահի խոսնակը:
ՆԱՏՕ-Ն ՄԵԾ ՍԻՐՈՎ ԿԸՆԴՈՒՆԻ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ն մեծ սիրով կընդունի Ֆինլանդիային, եթե վերջինս որոշի անդամակցել դաշինքին, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ անդամակցության գործընթացը կկազմակերպվի հնարավորինս արագ։
«Հելսինկին ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է և կարևոր ներդրում ունի եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում»,- պարզաբանել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահը և վարչապետը հայտարարել էին, որ երկիրը պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել:
«ԱԶՈՎՍՏԱԼՈՒՄ» ՇՐՋԱՓԱԿՎԱԾ 600 ՄԱՐՏԻԿ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ
Ուկրաինական «Ազովի» հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը հայտարարել է, որ «Ազովստալի» գործարանում շրջափակման մեջ գտնվող գնդի 600 մարտիկ ծանր վիրավորումներ է ստացել, այդ թիվը շարունակում է աճել։
«Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ անում են հնարավորը, բայց այս պայմաններում Մարիուպոլում պաշտպանությունն ապահովելու հրամանն անհնար է կատարել։ Ես էլ ցանկանում եմ, որ նրանք անեն անհնարինը իրենց զինվորներին փրկելու համար»,- նշել է Պալամարը:
Նրա խոսքով՝ հեռանալու հրաման ծառայողները չեն ստացել։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետը տեղեկացրել էր, որ Կիևը խնդրել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում վիրավորված ուկրաինացի զինվորներին փոխանակել ռուս ռազմագերիների հետ։ Իրինա Վերեշչուկի համոզմամբ՝ հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Նա հայտնել էր նաև, որ «Ազովստալ»-ում գտնվում է 1000 ուկրաինացի զինծառայող, իսկ խաղաղ բնակիչները տարհանվել են։
ԲԵՌԼԻՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷՄԲԱՐԳՈՅԻՆ
Գերմանիան դեռ պատրաստ չէ ռուսական գազի ամբողջական էմբարգոյին՝ մտահոգություն է հայտնել փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։
«Իսկ ներկայում ռուսական նավթից հրաժարվելը կարող է հանգեցնել գների բարձրացման: Մենք պետք է այլընտրանքային մատակարարումների համար ենթակառուցվածքներ ստեղծենք»,- հավելել է նա։
Բեռլինը նախատեսում է հրաժարվել ռուսական նավթից և ածխից մինչև տարեվերջ, իսկ գազից՝ մինչև 2024 թվականը։