Ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ խնամատար ծնողները գնահատանքի մեդալներ ու հավաստագրեր են ստանում: Նրանց շնորհիվ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շատ փոքրիկներ հիմա սեփական տանիք ու ընտանեկան ջերմ միջավայր ունեն:
Սուսաննա Գրիգորյան (խնամատար մայր) - Երեխաները մեր կյանքը մի ուրիշ ձևի փոխել են՝ էն սուս պատերից հիմա աղմուկ-աղաղակ, մի ուրիշ զգացողություն ա:
Սուսաննան խնամատարության ծրագրով երեք երեխայի ծնող դարձավ, 28 տարվա ամուսնության ընթացքում առաջին անգամ «մայր» բառը լսեց:
Սուսաննա Գրիգորյան - Ես սկսեցի հուզվել, լացել, որովհետև 28 տարի ինձ ոչ ոք մայր չէր ասել:
Ասում է՝ խնամատարության ծրագիրը մեծ աջակցություն է այն ընտանիքներին, որոնք տարիներով սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն, և այն երեխաներին, որոնք խնամքի ու հոգատարության կարիք ունեն:
Լիանայի ու ամուսնու կյանքն արդեն երկու տարի է՝ այլ գույն ունի:
Լիանա Գրիգորյան (խնամատար մայր) - Ես սեփական երեխեքի պես եմ վերաբերվում, իրենք էլ ոնց որ իմ սեփական երեխեքը, իրար հետ հարմարված, ապրում ենք: Նենց որ երջանկություն կա, շատ երջանիկ ենք բոլորս էլ:
Մեր երկրում օրեցօր խնամատար ընտանիքների թիվն ավելանում է: Ներկայում հանրապետությունում 93 երեխա դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ) - Միջոցառումը այն միջոցառումների շարքից է, որը միտված է ՀՀ-ում ապաինստիտուցիոնալացման գործընթացի խթանմանն ու աջակցությանը: Գիտենք, որ, ցավոք, ՀՀ մանկատներում խնամվում են շուրջ 585 երեխաներ, ովքեր որ ունեն լիարժեք իրավունք ապրելու ընտանիքներում: Մեր պետության քաղաքականությունը երեխաներին ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն է ուղղված:
Եթե չի հաջողվում իրացնել երեխայի կենսաբանական ընտանիքի վերամիավորման հնարավորությունը, ապա խնամատարության ծրագրով հնարավորություն է տրվում ստեղծել նոր ընտանիք: Երեխաներին հոգ տանելու ցանկություն հայտնած ծնողները նաև վերապատրաստում են անցնում: Երեխային դաստիարակելու ժամանակահատվածում պետական դրամական աջակցություն է հատկացվում, այդ ընթացքը հաշվարկվում է նաև որպես աշխատանքային ստաժ:
Միրա Անտոնյան (ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն) - Ունենք հուշագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Էդ հուշագրի շրջանակներում մեր հիմնական գործը հանրային իրազեկում կազմակերպելն է, արդեն տեղավորված երեխաներին և խնամատար ծնողներին մասնագիտական աջակցություն տրամադրելը:
Ընդգծում է՝ պետության ու գործընկեր կառույցների գործակցությամբ փորձ է արվում ամեն կերպ նպաստել, որ երեխաները մեծանան ընտանիքում՝ եթե ոչ իրենց, ապա գոնե ընտրված ու նվիրյալ: