10 տոկոսով կբարձրանա Գյումրու երաժշտական, կերպարվեստի, սպորտի դպրոցների, մանկապարտեզների, թանգարանների, կոմունալ տնտեսությունում աշխատողների վարձատրությունը։ Համայնքային ենթակայության կառույցների 2000 աշխատակցի աշխատավարձի բարձրացման հարցը Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգում է:
Լենա Ջիլավյան (Գյումրու համայնքապետարանի գլխավոր ֆինանսիստ) - 10 տոկոսով որոշել ենք աշխատավարձը բարձրացնել, տարանջատում չի գնացել ապարատի, և ամբողջ ՊՈԱԿ-ների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով, տարվա համար 150 միլիոնի կարգի գումար:
Ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցությունից Կարեն Մալխասյանը հարցրեց՝ ինչու ոչ 20 տոկոսով, չէ՞ որ պայմանավորվածությունն ու նախնական քննարկումն այդպիսին էին։ Հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ ավելի շատ տնտեսել։
Կարեն Մալխասյան (Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ) - Ենթադրենք՝ ունենք ֆոնդ, և այդտեղից 100 հազար են տեղափոխում աշխատավարձի, հնարավոր չէ՞ արդյոք 200 հազար տեղափոխել աշխատավարձին:
Այս տարի աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով, եթե բյուջեն ու տնտեսումները թույլ տան, հաջորդ տարի դարձյալ կանդրադառնան հարցին: Առավել ակտիվ քննարկվեց ներքաղաքային նոր տրանսպորտի վերաբերյալ նախագիծը:
Լենա Ջիլավյան - Ձեռք ենք բերում մետաղադրամ ընդունող սարքեր և տեսախցիկներ` 16 մլն 2850 հազարի, մրցույթ կկայանա կտեսնենք, շուկայական հաշվարկային արժեքն է:
Խոսքը համայնք և Կառավարություն գործակցությամբ ձեռք բերված և արդեն մեկ տարվա վաղեմություն ունեցող ներքաղաքային տրանսպորտային միջոցների մասին է, որոնք դեռ չեն շահագործվել։ Ավագանու ընդդիմադիր անդամներին հուզում է հարցը, թե ինչու են ապահովագրության համար վճարում, բայց միկրոավտոբուսները գիծ դուրս չեն գալիս։
Գոռ Մանուկյան (Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ) - Ավտոտրանսպորտային ցանցը շահագործելու կա հստակ ժամկետ, թե երբ է սպասվում կոնկրետ տրանսպորտային միջոցների շահագործումը, հա լսում, լսում ենք, ոնց որ թե մի տարի մենակ լսում ենք:
Պարզվեց՝ ձգձգման պատճառը նոր ավտոպարկի կառուցումն է:
Վարդգես Սամսոնյան (Գյումրու համայնքապետ) - Խստաշունչ ձմեռը թույլ չի տվել աշխատանքներ կատարել, որովհետև բետոնը չէր չորանա, ավտոպարկ չկառուցելու հետ կապված ձգձգվել է մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբ, մեզ համար էլ է անընդունելի, որ ժողովրդին տեղափոխեինք։
Հնչեց նաև քննադատություն՝ ինչու էին նոր մեքենաներ ձեռք բերում, որ ավտոպարկ չունեին, և հարց` ճի՞շտ է արդյոք, որ ավտոլվացման նոր կետեր են բացվելու հատուկ ներքաղաքային տրանսպորտի համար։ Քաղաքապետը հերքեց՝ այդ հարցը լուծում է քաղաքապետարանի կոմունալ բաժինը, առանց լրացուցիչ ծախսերի։