Պարենային անվտանգության տեսանկյունից առաջնային դեր ունի բուսասանիտարիան: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ տարեկան պարենային մշակաբույսերի մինչև 40 տոկոսը ոչնչանում է բույսերի վնասատուների պատճառով: Հնդկաստանում, օրինակ, բույսերի վնասակար օրգանիզմներից տարեկան տնտեսական վնասը կազմում է 90, Միացյալ նահանգներում՝ 67, Բրազիլիայում՝ 42 միլիարդ դոլար:
Հայաստանում նման մշտադիտարկում չի արվում: Ակնհայտ է՝ թեև լուրջ բուսական վարակներ չկան, բայց տնտեսական վնասը պայմանավորված է բերքի որակով:
Արթուր Նիկոյան (ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ) - Հնարավոր է` դուք նույն քանակի բերք ունենաք, բայց դրա որակը խիստ ցածր լինի: Եթե, մեր ժողովրդական լեզվով ասած, դա մի քիչ որդոտ է, մի քիչ չեչոտ է, դրա գինը արդեն դառնում է կեսը:
Վնասատուների ու վարակների դեմ պայքարը միայն պեստիցիդներով է իրականացվում, սակայն դա միակ միջոցը չէ: Մասնագետները հորդորում են հետևել նաև հողի որակին: Բուսաբուծության խթանման ծրագրով պետությունը հիմնականում իր վրա է վերցրել մկնանման կրծողների և մորեխների դեմ պայքարը: Այս տարի արդեն ահազանգեր եղել են Արագածոտնից, Արարատից, Լոռիից, Սյունիքից, Տավուշից, Շիրակից, Կոտայքից: Պետբյուջեի միջոցներով պայքար է իրականացվել շուրջ 16 հազար հեկտարի վրա:
Արթուր Պետրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության բուսասանիտարիայի բաժնի պետ) - Այսպիսի միջոցառումների չիրականացնելու դեպքում հնարավոր է, որ գյուղատնտեսության մեջ վնասի տոկոսը կազմի 60-ից մինչև 70 տոկոս:
Վնասի տեսակետից իրավիճակը կառավարելի է՝ ասում է էկոնոմիկայի նախարարության պատասխանատուն: Հայաստան ներկրվող գյուղմթերքում կարանտին օրգանիզմների դեպքերը շատ չեն՝ տարեկան մինչև երկու դեպք: Խմբաքանակը կա՛մ ոչնչացվում է, կա՛մ վերադարձվում արտահանող երկիր: Ճիշտ բուժանյութեր` ճիշտ պահին, ու հնարավոր է ապահովել բույսերի պաշտպանությունը: Հայաստանում ավանդական կարանտին հիվանդություն է համարվում պտղատու ծառերի բակտերիալ այրվածքը, որն ավելի շատ վնասում է տանձենուն: