«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, իսկ տեխնիկական որոշ հարցեր կլուծվեն առաջիկա օրերին:
ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը զեկուցել է, որ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:
Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 4000 մետր մրցատարածությունը: Վերջնարկը նախատեսվում է անցկացնել Պարզ լճին հարող տարածքում: Մրցաշարը տեղի կունենա մայիսի 14-ին:
Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև մրցաշարի անվտանգությանը և բժշկական օգնությանը վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակից թիմերն ապահովվելու են ճանապարհածախսով և մարզահագուստով, իսկ Սյունիքի և Արցախի թիմերը կապահովվեն նաև գիշերակացով: Լուծված են նաև մրցաշարի մրցավարությանն առնչվող հարցերը.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում կաշխատի 36 մրցավար: Հիշեցնենք՝ մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Մասնավորապես առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է, համապատասխանաբար, 500 հազար դրամ՝ ուսուցչի, 100-հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75- հազարական դրամ աշակերտների համար:
Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ: Միջոցառման անցկացման համար կիրականացվեն տարածքի ձևավորում, նկարահանում, իսկ փակման արարողության ժամանակ կապահովվի նաև ուղիղ հեռարձակում: