Պենտագոնում չեն կարծում, թե Ռուսաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախման մեջ մտնել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից պետություններից որևէ մեկի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը արմատապես կփոխեր աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը, և նման գործողություններին ՆԱՏՕ-ն կպատասխաներ որպես դաշինք՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտություն որևէ մեկը չի ցանկանում:
«ՆԱՏՕ-ն ունի 1,9 մլն զինծառայող։ ՆԱՏՕ-ն ունի ամենաժամանակակից թռչող սարքեր, նավեր, ցամաքային զորքերի կողմից կիրառվող ռազմական տեխնիկա: Ուստի նման բախման պետք չէ գնալ: Նման սրացումը շատ արագ կարող էր վերափոխվել այլ որակի մրցակցության, որը ոչ ոք չի ցանկանում տեսնել»,- եզրափակել է Օսթինը: