Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացվեցին նոր մակարդակի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին գործակցության հուշագիր ստորագրեցին: Մհեր Գրիգորյանն ընդգծեց՝ 30 տարվա ընթացքում բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մեծապես կարևորում ենք էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման, հյուսիս-հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքի կյանքի կոչման ուղղությամբ: Պետք է նշեմ նաև, որ ԻԻՀ հետ ՀՀ երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում:
Իրանի էներգետիկայի նախարարը նկատեց՝ ստորագրված 24 էջանոց փաստաթուղթն իր երկրի պատմության ընթացքում որևէ երկրի հետ կնքված ամենաբովանդակալից հուշագիրն է:
Ալի Աքբար Մեհրաբիան (Իրանի էներգետիկայի նախարար) - Այն ներառում է էներգետիկայի, էլեկտրոնիկայի ոլորտները: Անդրադարձ կա գազին, նավթամթերքներին վերաբերող հարցերին: Ներառում է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ճանապարհները, ջուրը, բնապահպանությունը և այլն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Իրանի հետաքրքրվածությանը: Հայտնեց՝ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու ԵԱՏՄ-ին Իրանի ինտեգրման գործընթացը, ինչպես նաև պատրաստ է դեպի ԵԱՏՄ շուկա դարպաս դառնալու բարեկամ Իրանի համար:
Մհեր Գրիգորյան - Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականին: Նախորդ երկու տարիների ընթացքում ևս մեկ նիստ անցկացնելուն խոչընդոտել է համավարակը: Ալի Աքբար Մեհրաբիանը նշեց՝ Իրանին հաջողվել է ոչ միայն կոտրել վարակի տարածման ուժգնությունը, այլև ստեղծել հիվանդությունը վերահսկող սարքավորումներ: Իրանում 6 ընկերություն էլ զբաղված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությամբ: Հնարավորություն կա ոչ միայն բավարարելու ներքին պահանջարկը, այլև մատակարարելու այլ երկրներ:
Ալի Աքբար Մեհրաբիան - Ես հայկական կողմի մասնագետներին հրավիրում եմ Իրան՝ կարողություններին ու սարքավորումներին ծանոթանալու համար, ինչպես նաև պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ հնարավոր քայլերը քննարկելու համար:
Մեհրաբիանն անդրադարձավ նաև երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերություններին: Նկատեց՝ քաղաքական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, պետք է նոր թափ հաղորդել նաև տնտեսական ոլորտին:
Ալի Աքբար Մեհրաբիան - Այն համաձայնությունները, որ առկա են երկու երկրների միջև էներգետիկայի, ճանապարհների և տարանցման ոլորտներում, վկայում են, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների նշանակալի ավելացմանը:
Շարունակելով էներգետիկ ոլորտի թեման` Մհեր Գրիգորյանն ընգծեց՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա: Հարցը քննարկել է նաև Իրանի նախարարի հետ զրույցում:
Մհեր Գրիգորյան - Հույս ունենք, որ հարավային մասը մինչև տարեվերջ կավարտենք, ընդ որում՝ որքան ես եմ տիրապետում տեխնիկական բնութագրերին, դա ամենաբարդ մասն է լինելու, իսկ հյուսիսային մասը` դեպի Վրաստան, ծրագրից առնվազն չենք շեղվել այս պահին, և, հուսով եմ, որ, այո՛, կավարտենք:
Գրիգորյանն ու Մեհրաբիանը արդյունավետ որակեցին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները: Մայիսի 12-ին էլ տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողովը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան