ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն: Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այցի շրջանակում մայիսի 10-ին ՀՀ կառավարության անդամներն Ասեն քաղաքի Դրենց թանգարանում ներկա են եղել «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառման բացումը տեղի է ունեցել Ասենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ:
Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում:
«Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է Հայաստանի ու Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները։ Հավատարիմ լինելով ընդհանուր արժեքներին և ազգային ինքնություններին` մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և խորապես հետաքրքրված փոխթափանցող մշակույթներով»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ և երկու անգամ հետաձգվել է՝ պայմանավորված համավարակով:
Ցուցահանդեսում ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից, այդ թվում՝ Նոյյան տապանի եզակի մասունքը:
Դրենց թանգարանում կազմակերպված արարողության ընթացքում ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչ պարգևատրվել է Հայաստանի պետական պարգևներով: Պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսն Ասեն քաղաքի Դրենց թանգարանում բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: