Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հաագայում այցելել է Խաղաղության պալատ: Այստեղ վարչապետին դիմավորել է Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները:
Վարչապետը նախ շրջայց է կատարել Խաղաղության պալատում, այնուհետև վերջինիս բակում մասնակցել հայկական խաչքարի բացման արարողությանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
««Քարնեգի» հիմնադրամի հարգելի նախագահ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր, այս գեղեցիկ առավոտը մեզ հետ եք խաղաղության և արդարության քաղաքում, Խաղաղության պալատի տարածքում՝ Խաղաղության տաճարում, ինչպես ասել է Էնդրյու Քարնեգին ավելի քան 100 տարի առաջ, և որտեղ գտնվում է այնպիսի կարևոր միջազգային հաստատություն, ինչպիսին Արդարադատության միջազգային դատարանն է։
Ինձ համար մեծ պատիվ է իմ ազգի անունից կատարել հայկական խաչքարի բացումը՝ որպես նվեր Հայաստանից։ Սա պատմություն է, որը մենք այսօր կերտում ենք ձեզ հետ միասին, քանի որ հայկական խաչը կանգնեցվում է մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք։
Կան ավելի քան 50000 խաչքարեր, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունը: Խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը 2010 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խաչքարը հայ մշակույթի զարգացման յուրօրինակ դրսևորում է. այն հայկական ինքնության ամենատիպիկ խորհրդանիշներից է։
Ունենալով ավելի քան հազարամյա պատմություն՝ խաչքարը նաև ժամանակակից մշակութային երևույթ է:
Սիրելի բարեկամներ,
Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը։
Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում, թե այլուր։ Խաչքարը հայ մշակույթի գլուխգործոցն ու խորհրդանիշն է, նրա էությունը և իր մեջ ունի խաղաղության պատգամ՝ փորագրված դարերի ընթացքում անձեռնմխելի մնացող քարի մեջ։ Ահա թե ինչու խաչքարն է ընտրվել որպես նվեր Խաղաղության պալատին՝ խորհրդանշելու հայերի այն սերունդներին, ովքեր ներդրում են ունեցել աշխարհում խաղաղության հաստատմանը։
Այս նվիրատվությունով Հայաստանը համարձակորեն վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:
Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները շնորհակալություն է հայտնել Խաղաղության պալատին հայկական խաչքար նվիրելու համար և վստահություն հայտնել, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի վերջինիս տարածքում: