ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԱՆՑԵԼ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ անցել են հակահարձակման՝ դուրս մղելով ռուսական զորքերին Խարկովի շրջանից՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հակահարձակումը կարող է ազդարարել պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին: «Ռուսաստանի զանգվածային հարձակումը բեկում չմտցրեց իրավիճակում. հիմա մեր երկիրն է անցնում հարձակման»,- հայտարարել է Զելենսկին՝ ընդգծելով, որ ուկրաինացի զինվորները գերմարդկային ուժ են ցուցաբերում՝ դուրս մղելու ռուսական բանակին երկրի տարածքից:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այս պահին Կիևում 36 օտարերկրյա առաքելություն է գործում: Վոլոդիմիր Զելենսկին նաև նշել է, որ միջազգային փորձագետների հատուկ խումբը մշակել է էներգետիկ պատժամիջոցների ճանապարհային քարտեզ, որի օգնությամբ հնարավոր կլինի բարդ իրավիճակ ստեղծել Ռուսաստանի համար այնպես, որ դրանից չտուժի համաշխարհային տնտեսությունը:
ՄՈՍԿՎԱ-ԿԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, թե Վաշինգտոնը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում չի տեսնում «կենսունակ բանակցային ճանապարհ»։ «Հայտարարությունները հատվածական են և իրար հակասող»՝ հայտարարել է Զախարովան:
Նա անդրադարձել է նաև Լիտվայի սեյմի որոշմանը՝ Ռուսաստանը ճանաչելու որպես «պետություն, որն աջակցում և իրականացնում է ահաբեկչություն»՝ այն որակելով՝ ծայրահեղական: «Եթե Լիտվան իսկապես մտահոգված լիներ ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական մայրցամաքի ճակատագրով, ապա պետք է նպաստեր Կիևի ռեժիմի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,- նշել է արգտործնախարարության ներկայացուցիչը: Զախարովան ընդգծել է, որ Լիտվայի որոշմանը պետք է վերաբերվել որպես սադրանքի։
ԱՄՆ-ԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ 40 ՄԻԼԻԱՐԴ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը: Այն դեռ պետք է հաստատվի Սենատի և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը խոստացել է հնարավորինս շուտ կազմակերպել նախագծի քվեարկությունը: Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության համար։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԱՄՆ-ԻՏԱԼԻԱ ԿԱՊԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հանդիպման ընթացքում հայտարարել են, որ երկու երկրների միջև կապերն «ամրապնդվել» են ուկրաինական ճգնաժամի սրացման ֆոնին: Սպիտակ տանը հանդիպման ընթացքում Բայդենն ու Դրագին անրադարձել են «էներգետիկ և պարենային անվտանգության հարցերին: Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կհանգեցնի արմատական փոփոխությունների Եվրամիությունում: Բայդենն էլ շեշտել է, որ ուժեղ Եվրամիությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Դրագին վստահություն է հայտնել, որ կարող է հույս դնել Վաշինգտոնի աջակցության վրա՝ որպես Եվրոպայի և Իտալիայի իսկական բարեկամի:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 3,5 ՀԱԶԱՐ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 3 հազար 459 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 238 երեխա։ Վիրավորվել է մոտ 3 հազար 173 խաղաղ բնակիչ: Փետրվարի 24-ից ի վեր մոտ 6 միլիոն մարդ է լքել երկիրը։ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը: