Նիդերլանդների թագավորության հետ դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ ղեկավարը պաշտոնական այցով Նիդերլանդների թագավորությունում է:
Օդանավակայանում Վարչապետին դիմավորում են Դրենթե նահանգի Թագավորի հանձնակատարը, Ասենի և Թինարլոյի քաղաքապետները, այլ պաշտոնյաներ: Վարչապետի պաշտոնական այս այցը դեռ 2 տարի առաջ պիտի լիներ, կորոնավիրուսը 2 անգամ այն հետաձգեց, բայց օրակարգը չփոփոխվեց:
Առաջին ուղղությունը օդանավակայանից Ասեն տանող ճանապարհին գտնվող Բոսկամպ գերեզմանոցն է: Հենց այստեղ, 22 տարի առաջ, մեծ դժվարությամբ հաջողվեց տեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որը դարձավ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը Նիդերլանդներում:
Սա արդեն Ասենի Ժոզեֆ եկեղեցում է՝ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության բացման պաշտոնական արարողությունն է: Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպան և Հայաստանի վարչապետը ելույթում նշեցին՝ այս ցուցադրությանը երկար են սպասել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ուրախ եմ, որ վերջապես սկսում ենք «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ուշագրավ ցուցահանդեսը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի խորհրդանշական տարում։
Մենք վերջապես այստեղ ենք՝ հոլանդական և եվրոպական հանրությանը ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության մի նոր շերտ։
Հայ-հոլանդական փոխազդեցությունների մասին առաջին հիշատակումը վերաբերում է IV դարին։ 17 և 18-րդ դարերում Ամստերդամը եղել է հայ տպագրության նշանավոր կենտրոններից մեկը` շեշտեց վարչապետը:
Այսօր այդ բարեկամության շունչը Ասեն քաղաքում ավելի էր զգացվում:
Այստեղ և գրեթե բոլոր խաչմերուկներում մենք տեսնում ենք՝ ծածանվում է հայկական Եռագույնը, եկեղեցու մոտ նաև վարչապետին դիմավորելու համար հավաքվել են հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Սպասում են լուսանկարվելու, ողջունելու համար:
Վարչապետը այսպես՝ համայնքի հայերի հետ շփվելով քայլում է դեպի Դրենցի թանգարան: Ճանապարհն անցնում է Նոյյան տապանի կողքով:
Վարչապետի այցին ընդառաջ՝ Դրենցի թանգարանի հրապարակում տեղադրվել է Նոյյան տապանը, և այն շատ կարճ ժամանակում դարձել է տեղի բնակիչների համար սիրելի անկյուն, գալիս են տեսնելու, լուսանկարվելու: Ահա և Ասեն քաղաքի այցեքարտ համարվող թանգարանը, որը հյուրընկալել է հայկական մշակույթը:
Այս օրերին թանգարանը ձեզ կդիմավորի այս ամսագրով՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» միջազգային հնագիտական ցուցահանդեսին ներկայացված է 160 նմուշ, որոնք բերված են Պատմության թանգարանից ու Էջմիածնից: Քաղաքացիներն ու հյուրերը ծանոթանալ կկարողանան մինչև հոկտեմբերի 30-ը: Տարեկան ավելի քան 100 000 այցելու ունեցող այս թանգարանում դեռ շատերը կբացահայտեն հայկական մշակույթի արմատները: Նիդերլանդցի այցելուները առաջին իսկ օրը արդեն իսկ զարմացած էին:
Երկու երկրների բարեկամությունը նաև մարդկային այսպիսի վերաբերմունքի վրա է հիմնված՝ վստահ է վարչապետը:
Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով, Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, պարգևատրվեց Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչ, որոնք իրենց աշխատանքով նպաստել են 2 երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվեցին «Մխիթար Գոշ» մեդալներով, Հարի վան Բոմմելը, Լին վան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով, Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով:
Պաշտոնական երկօրյա այցի երկրոդ օրը վարչապետի հանդիպումները մեկնարկել են առավոտից՝ Հաագայում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան