Հայաստանում կլիմայական ռիսկերը, կորուստներն ու վնասները նվազեցնելուն ուղղված 900 հազար դոլարանոց ծրագիրը մեկնարկեց: Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» նոր ծրագիրը կիրականացնի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակը՝ ոլորտի պատասխանատու երեք գերատեսչության հետ:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կլիմայական հիմնական ռիսկերը պայմանավորում է բնական աղետներով, նշում դրանց կանխարգելմանը միտված ծրագրերը, որոնք կնպաստեն երկրի կայուն զարգացմանը:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Ծրագիրը կուժեղացնի նաև սելավների ռիսկերի մոդելավորման կարողությունները, կխթանի ռիսկերի նվազեցմանն ուղղված փորձնական մոդելների մշակման և կիրառման գործընթացը՝ նպաստելով կլիմայի փոփոխության և աղետների ռիսկի գիտակցումով պայմանավորված որոշումների կայացմանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ իրենք մեր երկրում արդեն զգում են կլիմայի փոփոխության ազդեցությունը. եղանակներն ավելի են տաքանում, տեղումները կրճատվում են: Այս ռիսկերը կնվազեցվեն, եթե Հայաստանը վաղ ազդարարման կայաններ ունենա:
Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Մենք զարգացնելու ենք կարողությունները ամբողջ հանրապետության մակարդակում, որպեսզի երկիրն ավելի լավ պատրաստված լինի կլիմայական ռիսկերին դիմակայելու համար:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը հայերեն ողջույնից հետո ընդգծեց, որ ծրագիրը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:
Մասանորի Ֆուկուսիմա (Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է և բազմաթիվ ռեսուրսներ ունի, այդ թվում՝ մարդկային կապիտալի, մեծ են նաև գյուղատնտեսության հնարավորությունները: Եվ այս գեղեցիկ երկիրը պահպանելու համար, իմ կարծիքով, պետք է նաև կարողանանք կլիմայական ճիշտ միջավայր ու իրավիճակ պահպանել:
Ծրագրով նախատեսվում է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ավտոմատ օդերևութաբանական 9 կայանի տեղադրում, որով զգալիորեն կբարելավվի օդերևութաբանական դիտարկումների որակը՝ ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենը: Լևոն Ազիզյանի խոսքով՝ եղանակի մասին օպերատիվ տեղեկություն կստանանք ոչ միայն նոր կայքից. վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների վերաբերյալ նախազգուշացումներ կտրվեն նաև բջջային հավելվածի միջոցով:.
Լևոն Ազիզյան («Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Այս ծրագրի շրջանակներում առավել կարևորվում են վաղ նախազգուշացման, այսինքն՝ կարճաժամկետ կանխատեսումները, ինչը ներկայի տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս: Այս ծրագրի շրջանակում հենց այդ կանխատեսումների որակը կբարձրանա. ընդհանուր մոտ 10-15 տոկոս կանխատեսման արդարացվածության բարձրացման կբերի:
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ կլիմայական ռիսկերի նվազեցման ծրագրերից 23 երկիր է օգտվում, բյուջեն 40 միլիոնից ավելի է: Այս անգամ գործակցությունը և փորձի փոխանակումը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև էր:
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան